Հալեպի հայաշատ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են

Հալեպը՝ հերթական հրթիռակոծումից հետո, արխիվ

Տասնյակ հայ ընտանիքներ ապաստան են գտել Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Երեկ Հալեպի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծման են ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն 4 սիրիահայ վիրավորվել է: Նրանցից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Տասնյակ հայ ընտանիքներ ստիպված են եղել թողնել իրենց տներն ու պատսպարվել Հալեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց տեղի «Գանձասար» ամսագրի աշխատակից Զարմիկ Պողիկյանը:

«Մեկ ժամվա մեջ ավելի քան 20 հրթիռ արձակեցին, հատկապես ազգային ճեմարանի շրջակայքում․․․»:

Սիրիայից Երևան տեղափոխված հայերն ամեն վարկյան նորությունների են սպասում պատերազմի մեջ մնացած իրենց հարազատներից: Մոտ մեկ տարի Երևանում ապրող Վահրամ Տեր-Օհանյանը խանութ ուներ երեկ հրթիռակոծված՝ Հալեպի Նոր Գյուղ թաղամասում: Դեռ չգիտի՝ այն տուժել է, թե ոչ: Ընկերոջ հետ վերջին անգամ երեկ երեկոյան է խոսել, ընկերը պատմել է, որ հրթիռներն անձրևի նման էին թափվում երկնքից:

«Շատ գեշ բաներ լսեցինք, մի ընկեր ունեմ այնտեղ՝ արաբախոս քրիստոնյա, լալիս էր, ասում էր՝ շատ զորավոր հրթիռներ են ընկել»,- ասում է Վահրամ Տեր-Օհանյանը:

Երկու օր առաջ՝ կիրակի օրն էլ հրթիռակոծվել էր Հալեպի մեկ այլ հայաշատ թաղամաս՝ Ազիզիեն: Լենա Շամլյանի տունն ու խանութն էլ այդ թաղամասում են: Իրեն հասած տեղեկություններով, դրանք դեռ կանգուն են, այս անգամ հարևաններն են տուժել:

«Երկու մեծ հրթիռ ընկած են այնտեղ, բարեբախտաբար, մարդկային կորուստ չենք ունեցած, նյութական շատ մեծ վնասներ եղած են․․․ »,- պատմում է Լենա Շամլյանը:

Հալեպի «Գանձասար» ամսագրի աշխատակիցը նաև փոխանցեց՝ թեև այսօր հրթիռակոծությունները դադարել են, սակայն հիմնական խնդիրները դեռ չեն լուծվել՝ ջուր օրերով չեն ունենում, էլեկտրականությունն էլ օրական 1 ժամով է մատակարարվում: