ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդդեմ Դոնեցկում նշանակված ընտրությունների

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, Կիև, 22-ը սեպտեմբերի, 2015թ․

Մինչ ՆԱՏՕ-ի ղեկավարը Կիևում հայտարարում է, որ Ուկրաինայի օրենսդրությանը չհամապատասխանող ցանկացած ընտրություն անօրինական է ու չի ճանաչվի դաշինքի անդամների կողմից, Ուկրաինայի արևելքի անջատականները հայտարարում են իրենց նախատեսած ընտրությունները հետաձգելու մասին:

ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր օրինական չի համարում անջատականների կողմից Դոնեցկում նշանակված ընտրությունները: Այս մասին հայտարարել է առաջին անգամ պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ցանկացած ընտրություն, որը տեղի կունենա Ուկրաինայի արևելքում և չի համապատասխանի ուկրաինական օրենսդրությանը, կհամարվի Մինսկի համաձայնագրի խախտում, կեղծ ընտրություն, որը չի ճանաչի ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Ուկրաինայի արևելքում ծավալվող ռուս-ուկրաինական հակամարտության առնչությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չնայած կրակի դադարեցմանը, իրավիճակը շարունակում է մնալ անկայուն:

«Հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է: Դա հուսադրում է, քանի որ նախկինում այդ էլ չկար: Բայց իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Ռուսաստանն աջակցում է անջատականներին, նրանց ապահովում է զենքով և սովորեցնում կռվել: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչվի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ըստ Մինսկի համաձայնագրի, Դոնբասում ընտրությունները պետք է անցկացվեն ուկրաինական օրենսդրությանը համապատասխան, օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո և այդ տարածքում Կիևի լիակատար վերահսկողութան պայմաններում:

Այսօր, ի դեպ, Մինսկում շփման խմբի հանդիպման ժամանակ քննարկվել է Դոնբասում ընտրությունների նշանակման որոշումը չեղյալ հայտարարելու հարցը: Անջատականներն, իրենց հերթին, այսօր հայտարարել են, որ նախատեսում են ընտրությունները հետաձգել և անցկացնել 2016 թվականի փետրվարի 21-ին: Ավելի վաղ նրանք նախատեսել էին ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 1-ին:

Ուշագրավ է, որ անջատականների այս հայտարարությունները համընկել են Ստոլտենբերգի այցին, որն էլ, ի դեպ, տեղի է ունենում արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման՝ «Ուկրաինա-2015» միջազգային վարժանքների անցկացման ժամանակահատվածում:

Լվովի մարզի Յավորովսկի ուսումնական ռազմաբազայում երեկ 34 երկրից ժամանած ներկայացուցիչներ են մասնակցել այդ վարժանքներին: Մասնակիցների թվում են եղել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժի ներկայացուցիչներ:

«ՆԱՏՕ-ի նպատակն է ապահովել մարդկանց անվտանգությունը: Եվ դրա բաղադրիչն է՝ աղետին դիմակայելը: ՆԱՏՕ-ն արդեն 15 տարի է՝ անընդմեջ մասնակցում է նման վարժանքների: Այս վարժանքները ռազմական չեն»,- պարզաբանել է Ստոլտենբերգը և մանրամասնել, որ դրանց նպատակն է տարբեր ոլորտների մասնագետների միահամուռ ջանքերով ցուցադրելը, որ Ուկրաինան ներդրում ունի Եվրոպայի անվտանգության ապահովման գործում:

Ստոլտենբերգի, խոսքով, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և դաշինքի մյուս գործընկերները պետք է պատրաստ լինեն՝ համատեղ կերպով արձագանքելու ցանկացած տեխնոլոգիական և բնական աղետի: