Երևանի կենտրոնում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին

Սմբատ Հակոբյանը հիվանդանոցում, 21-ը սեպտեմբերի, 2015թ.

Այսօր դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իշխանափոխության կոչով կազմակերպված բողոքի ակցիային։

Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, այս պահին էլ վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Միջադեպը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, օրը ցերեկով. ծեծված ազատամարտիկն ի վիճակի չէր մանրամասներ պատմել, նրան օգնության հասած ակտիվիստները նշում էին, որ Հակոբյանին են մոտեցել քաղաքացիական հագուստով 5-6 անձինք, ինչ-որ վկայական ցույց տվել, այնուհետև ծեծելով հասցրել Աբովյան փողոցում դարպասներով պահպանվող մասնավոր մի տարածք։

Թե ինչ մեքենայով են մոտեցել ու ինչ հագուստով են եղել ազատամարտիկին մոտեցած անձինք, ակտիվիստները ֆիքսել չեն հասցրել։ Բայց պնդում են՝ այդ պահին բղավոցներով օգնության են կանչել ոստիկաններին, սակայն իրավապահները տարածք են հասել միայն այն բանից հետո, երբ քաղաքացիները աղբամաններով փակել են Աբովյան փողոցը։

«Դեպքից մի 30-40 րոպե անցել է, ոստիկաններն էլի չեն եղել։ Մենք իջանք հրապարակ, հետո նորից ետ եկանք, աղբամաններով փակեցինք փողոցը, վայրկենական հայտնվեցին»։

Անցած տարեվերջին բռնության ենթարկված ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը Սմբատ Հակոբյանի մոտից դուրս գալուն պես պնդեց՝ միջադեպը կապված է ազատամարտիկի քաղաքական պայքարի հետ։

«Մի բան կարող եմ ասել՝ ինչ-որ մի ուժ կա, որ ուզում է ջնջել ազատամարտիկ անունը»,- հայտարարեց Եղիազարյանը։

Հիվանդանոցում հերթապահող բժշկի խոսքով՝ Սմբատ Հակոբյանի մարմնի վրա կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

«Առկա են քթի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդներ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ կողի կոտրվածք և պնևմատորաքս։ Հիվանդի վիճակը ստաբիլ է»,- ասաց բժիշկը։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ առայժմ չի հարուցվել, գործը ոստիկանությունում է, որտեղից էլ փոխանցեցին՝ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։