Նեթանյահուն Մոսկվայում կբանակցի Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Մոսկվա, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում ստիպել է Իսրայելի վարչապետին երկրի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սպասվում է, որ այսօր Բենյամին Նեթանյահուն պաշտոնական Մոսկվային կներկայացնի Իսրայելի նախազգուշացումները՝ Սիրիայի Լաթաքիա քաղաքի մերձակայքում ռուսական զորքի ներկայության վերաբերյալ:

The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետի հետ Ռուսաստան են մեկնում նաև երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի և ռազմական հետախուզության ղեկավարները: Պարբերականը նշում է, որ իսրայելցի բարձրաստիճան զինվորականներին հազվադեպ կարելի է տեսնել Նեթանյահուի արտասահմանյան այցերին:

Իսրայելի վարչապետի նախկին խորհրդականը չներկայանալու պայմանով հայտարարել է, որ Նեթանյահուն հույս ունի Պուտինի հետ համաձայնեցնել հիմնարար կանոնները՝ Սիրիայում երկու երկրների զինված ուժերի միջև պատահական միջադեպերից խուսափելու նպատակով:

Ավելի վաղ նույնաբովանդակ բանակցություններ են անցկացրել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները․ ի դեպ, երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ են հեռախոսազրույց ունեցել: Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ երկու նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարի և այդ երկրում զինված հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու շուրջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ շուրջ 50 րոպե տևած հեռախոսազրույցն ազդարարում է երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերականգնումը։

Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնման մասին լուրերը արևմտյան մամուլում հետզհետե ակտիվանում են: Ռուսաստանը պաշտոնապես հաստատում է Սիրիա զինամթերք ուղարկելու փաստը, մինչդեռ հերքում է ուղղակի մասնակցությունը այդ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմին:

Սակայն Միացյալ Նահանգների մտահոգությունը չի մարում. Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուսական զինուժը պատերազմում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճամբարից:

Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների՝ Սիրիայում և «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ գործողություններ սկսելու հարցի շուրջ: Քերրին իր ելույթում նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հետաձգել Ասադի հրաժարականի պահանջը՝ հանուն Սիրիայում զինված հակամարտության կարգավորման: Պետքարտուղարը նաև Ռուսաստանին և Իրանին կոչ է արել համոզել Ասադին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ջանքեր գործադրել Սիրիայում հակամարտությունը կարգավորելու հարցում: