«Ժառանգության» մոտեցումն է, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ միասնական ճակատ պետք է լինի: Այդ մասին հայտարարեց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով հյուրընկալվել էր «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» սեպտեմբերի 20-ի թողարկմանը:
«Ինչ վերաբերում է [Հայաստանի նախկին արտգործնախարար] պարոն Օսկանյանին և մնացածին՝ բոլոր նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն այդ սահմանադրական փոփոխություններին և կողմ կլինեն նաև իշխանափոխությանը, ես չէ, որ պետք է դատավորի կեցվածքով ասեմ՝ ով կարող է մասնակից լինել, ով չի կարող մասնակցել այդ պրոցեսին․ ովքեր ցանկանում են, ըստ «Ժառանգության», կարող են մասնակցել», - շարունակեց Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ «սա թեկնածուի շուրջ համախմբում չէ, սա պրոցես չէ որևէ քաղաքական կուսակցության համար, սա կոնկրետ երկրի ապագայի հետ կապված խնդիր է»:
«Եթե մեր հարգարժան հանրապետական գործընկերները կկարողանան այս սահմանադրական փոփոխությունները ևս կեղծելով անցկացնել, պարզ է, որ սրանից հետո Հայաստանում քաղաքական կյանքը իրականության մեջ մեռնելու է», - հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը՝ հավելելով․ - «Կլինեն մի քանի դիսիդենտներ այլևս՝ ոչ թե մարգինալներ, այլ՝ դիսիդենտներ, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, և կլինի իշխանությունը՝ իր ընդդիմությամբ»:
Նրա հավաստմամբ՝ այս «ոչ»-ով իրենք սկսում են «այո»՝ Հայաստանի Հանրապետության ապագային, «այո»՝ Հայաստանի ինքնիշխանությանը, «այո»՝ Հայաստանի իրավական, սոցիալական պետությանը՝ ժողովրդավարական պետությանը»: «Սա փոքր «ոչ» է և մեծ «այո» է, այս «ոչ»-ը իր մեջ մեծ «այո» է պարունակում, և ցանկացած պարագայում, եթե մենք հաջողեցինք, դա բոլորինս է լինելու, չենք հաջողի՝ բոլորիս կորուստը կլինի», - ասաց Մարտիրոսյանը:
Հակադարձելով ընդդիմադիր կուսակցության փոխնախագահին՝ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով նույնպես հյուրընկալվել էր հաղորդմանը, ասաց․ - «Ես ուրախ եմ Ձեր այս եզրափակիչ խոսքի համար, որ վերջապես Դուք նույնպես արտահայտում եք այն միտքը, որ մեր երկիրը պետք է լինի կայուն և կայուն զարգացող, և մենք պետք է կայուն զարգացած երկիր թողնենք մեր բոլոր սերունդներին: Ես ուրախ եմ այդ մտքի համար և ուրախ եմ, որ Դուք նաև դրա կողմնակից եք, իսկ եթե դրա կողմնակից եք, ուրեմն, բերեք Ձեր ասած «այո»-ն, իրոք բովանդակային քննարկումների ընթացքում ծանոթացեք Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությանը և կհամոզվեք ևս մեկ անգամ, որ այն, ինչի դուք ձգտում եք, Սահմանադրության այս բարեփոխումների նախագիծը մեզ դրա հնարավորությունը տալիս է»:
«Թող իմ «ոչ»-ը «ոչ» լինի, ես սխալվեմ, ոչ թե դուք սխալվեք՝ ես սխալվեմ, թող ե՛ս սխալվեմ, դո՛ւք չսխալվեք», - արձագանքեց «Ժառանգության» փոխնախագահը:
«Բայց երբեք մի ասեք մի բան, որ դեռևս քվեարկության արդյունքները չտեսնելով, դեռևս քվեարկություն չունենալով․․․ Դեռևս տեղի չունեցած քվեարկության պրոցեսը Դուք արդեն ասում եք՝ կեղծվելու են, կեղծվել են, արդեն գիտենք․․․ Դե որ էդքան գիտեք՝ էլ ինչո՞ւ եք վիճում», - հայտարարեց Մելիքյանը:
«Պատմությունն է ցույց տալիս՝ 91 թվականից հետո այդպիսի ընտրություն, քվեարկություն չի եղել, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություն լինի», - ասաց Մարտիրոսյանը:
«Մենք ուզում ենք, որ իրոք «ոչ»-ը բովանդակային լինի, և այդ բովանդակության, բովանդակային լինելու արդյունքում մենք ստանանք առողջ առաջարկներ, որոնք կարող են տեղ գտնել հանձնաժողովի կողմից ներկայացված նախագծում», - վստահեցրեց Գագիկ Մելիքյանը:
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման սեպտեմբերի 20-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ