Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս - հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով: Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում»:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում», - Սերժ Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը: