Բազումցիները տասնամյակներ շարունակ ջրազուրկ են

Բազումի բնակիչները խմելու ջուրը գնում են, կամ կրում են գյուղամերձ ձորակների աղբյուրներից

Վրդովված գյուղացիներն ասում են, թե ջրի բացակայության պատճառով «ընտանիքներ են քայքայվել», շատերն էլ պարզապես հեռացել են գյուղից:

Վանաձորից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բազում գյուղում խմելու ջուրը երազանք է դարձել: Տասնամյակներ շարունակ մարդիկ ջուրը կրում են տարբեր աղբյուրներից ու ձորակներից:

Թեև գյուղի որոշ թաղամասերում բնակիչներն իրենց միջոցներով ջուր են քաշել, բայց գյուղապետ Սրբուհի Հարությունյանն ասում է՝ սանէպիդկայանից շատ անգամ եկել, նմուշներ են վերցրել ու եզրակացրել են, որ այդ ջուրը խմելու համար պիտանի չէ:

«Սանէպիդկայանն էնքան ա նախազգուշացնում, որ էլ չափ ու սահման չկա, ես էլ մի հայտարարություն եմ գրում, որ ժողովուրդ, ջուրը եռացրեք, նոր խմեք: Դաշտից հոգնած գալիս ա մարդը, մի հատ էլ ջուրը դնի եռացնի՞, ասի՝ մի հատ էլ հովացի, որ խմե՞մ: Գալիս ա ու ստիպված խմում»,- վրդովվում է գյուղապետը:

Ջրի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում այգեգործությամբ զբաղվել: Գյուղի բնակչուհի Մարուս Ծատուրյանն ասում է, թե ինքն էլ քաղաքացու պես բանջարեղեն ու միրգ է գնում:

«Էստեղ ի՞նչ կարելի ա անել՝ ոչ մի բան, կանաչին ցանեցինք, ոչ մի բան դուրս չեկավ, լոբին ցանեցինք, ոչ մի բան դուրս չեկավ, եթե գյուղի ապրող եմ, ինչի՞ փող տամ առնեմ»:

Գյուղացիներն ասում են, որ եթե հանկարծ հրդեհ բռնկվի, բավականաչափ ջուր չի լինի այն մարելու համար: Նրանք պնդում են, որ համագյուղացիներից շատերը հենց ջրի բացակայության պատճառով են արտագաղթել: «Գիտե՞ք, թե քանի ընտանիք է քայքայվել ջուր չլինելու պատճառով»,- գանգատվում են բազումցիները:

Գյուղացիներից շատերը ջուրը գնում են: Ամեն շաբաթ «Լոռի» ջրմուղկոյուղին մեկ լիտրը 6 դրամով մոտ 7,5 տոննա ջուր է վաճառում գյուղացիներին: Գյուղում գործող մանկապարտեզը ևս ջուր է գնում: Մանկապարտեզի վարիչ Աննա Գևորգյանն ասում է, որ կես տոննա ջուրը հինգ օր է միայն բավականացնում:

Շուրջ յոթ տարի Բազումի գյուղապետի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասում է, թե արդեն հոգնել է նույն խնդիրը ամեն տարի բարձրաձայնելուց: Ամեն տարի դիմումներ է ներկայացնում մարզպետարան և ամեն անգամ նույն «անհուսալի» պատասխանն է ստանում՝ ֆինանսական միջոցներ չկան:

Գյուղապետի խոսքով, 120 միլիոն դրամ է անհրաժեշտ գյուղում ջրի խնդիրը լիովին լուծելու համար:

Գյուղացիներն այլևս հույսները կտրել են, թե իշխանությունները ուշադրություն կդարձնեն իրենց խնդրին: Փոխարենը՝ հույսեր են փայփայում, որ գոնե բարերարներ կհայտնվեն, ովքեր կլուծեն այն: