Սեյրան Օհանյանը պարգևատրեց լրագրողներին կոպտորեն խոչընդոտած երիտասարդներին

Սևակ Խաչատրյան, 26-ը դեկտեմբերի, 2013թ․

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարն ասաց, թե «չգիտի ու չի էլ ուզում իմանալ, թե իրենք նախկինում ինչ են կատարել»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգևատրեց համապատասխանաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին ու նույն ԲՈւՀ-ի ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին:

Վերջիններս քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության օրը խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը և հրահանգներ տվել լրագրողներին վիրավորող ու ծաղրող երիտասարդների խմբին:

Պարգևների հանձնման այսօրվա արարողությունը բավական հանդիսավոր էր: Պարգևատրվածները, այդ թվում՝ ՀՀԿ անդամ հանդիսացող երիտասարդ պրոռեկտորը և ուսխորհրդի նախագահը, հերթով մոտենում էին նախարարին ու ստանում իրենց մեդալները:

2013թ․ դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում իրարանցում էր: Այնտեղ թեկնածուական թեզ էր պաշտպանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Բազմաթիվ լրագրողներ ցանկանում էին ներկա լինել պաշտպանությանը, որպեսզի հանրությանը տեղեկացնեն, թե գիտության մեջ ինչ նոր խոսք է ասում Երևանի քաղաքագլուխը:

Սակայն, ԲՈւՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով Տարոն Մարգարյանի թեզի գիտական ղեկավարն էր, անձամբ կտրականապես արգելեց որևէ լրագրողի՝ ներկա գտնվել գիտական թեզի պաշտպանությանը, թեև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը լրագրողներին հայտնել էր, թե չկա որևէ իրավական ակտ, որում նշված է՝ ատենախոսության հրապարակային պաշտպանությանը ով կարող է ներկա գտնվել, ով՝ ոչ:

Երբ լրագրողները փորձել էին, այնուամենայնիվ, մուտք գործել դահլիճ, մի խումբ երիտասարդներ, Սևակ Խաչատրյանի ու Սերգեյ Խառատյանի հրահանգով, կանգնեցրել էին նրանց՝ կոպտորեն վիրավորելով նաև կին լրագրողներին:

Դեպքի հաջորդ օրը Տնտեսագիտական համալսարանի ուսխորհուրդը հայտարարություն տարածեց, որում նշված էր․ - «Որոշ ուսանողներ տրվել են ԲՈւՀ եկած որոշ անձանց սադրանքներին, ինչի արդյունքում ԲՈւՀ-ի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ»։

Տեղի ունեցածը նաև ոստիկանության քննության առարկա դարձավ: Սակայն ոստիկանությունը եզրակացրեց, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին պնդումները հիմնավոր չեն:

Լրագրողներն այսօր Սեյրան Օհանյանին հիշեցրեցին, թե ինչ էր տեղի ունեցել Տարոն Մարգարյանի գիտական աշխատանքի պաշտպանության օրը, և հարց ուղղեցին․ - «Ինչո՞ւ որոշեցիք այդ անձանց պարգևատրել»:

Պաշտպանության նախարարը պատասխանեց․ - «Բոլոր այսօրվա պարգևատրվողները համապատասխան աշխատանք են կատարել բանակ-հասարակություն կապի, բանակ-բարձրագույն ուսումնական հաստատություններ կապի շրջանակներում և նաև ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ իրենց ներդրումն ունեն: Ինչ իրենք նախկինում են կատարել՝ ես չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ»:

ԲՈւՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը կարծես թե վրդովված էր Օհանյանին ուղղված՝ լրագրողների հարցերից։ «Ուրեմն՝ իրենք տարեկան 5-6 զորամաս են այցելում, մնում են էնտեղ, նվիրատվություններ, այցելություններ ասենք, նաև՝ աղջիկները: Ի՞նչ պետք է անի ուսանողը բանակի համար՝ անում է էն, ինչ որ հնարավոր է: Գիրք են գրել մեր զոհված ազատամարտիկների մասին, Սևակ Խաչատրյանը եղել է ուսխորհրդի նախագահը, իսկ ամբողջ կազմակերպչական աշխատանքներն ուսխորհուրդն է արել»,- պարզաբանեց Աթոյանը:

Լրագրող Հայկ Գևորգյանը, ով այդ օրը նույնպես եղել է Տնտեսագիտական համալսարանում, «Ազատության» հետ զրույցում այսպես գնահատեց այսօրվա պարգևատրությունները. - «Շատ բացասական երևույթ է, դա արժեզրկում է և՛ այդ պարգևները, և՛ այդ պարգևները տվող անձանց վարկանիշի վրա շատ վատ կազդի: Իրենց թվում է, թե մարդիկ դա չեն նկատում, չեն հիշում, բայց դա էդպես չի: Մյուս կողմից, երբ նայում ենք, թե մինչ այժմ ովքեր են նման պարգևներ ստացել, դա, ցավոք սրտի, Հայաստանում արդեն սովորական երևույթ է»: