Այսօր առավոտից Արմավիրի և Արարատի մարզերի տասնյակ բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան և Երևան-Արարատ ավտոճանապարհները՝ պահանջելով, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը անձամբ գա ու պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։
Զայրացած գյուղացիները բողոքում էին, որ բերքը դաշտերում մնալով փչանում է: Անցյալ տարի գործարանները սեպտեմբերի 8-ից արդեն ընդունում էին խաղողը, մինչդեռ այս տարի չեն էլ սկսել:
«Իրա խոսքով ես մեծ այգի եմ գցել, հիմա պայմանագիր չեն կապել իմ հետ, ինչի համար: Իրանք բանավոր, հեռուստատեսությամբ էլ, ամեն ինչով էլ ասել են՝ դրեք, կընդունենք, դրել ենք, դե արեք ընդունեք»,- ասում էր գյուղացիներից մեկը:
Նրանք հիշեցնում են գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ ամիսներ առաջ հնչեցրած հավաստիացումը, թե իրենց բերքը, անկախ որևէ հանգամանքից, ամբողջ ծավալով ու առանց որևէ խնդրի իրացվելու է: Այսօր, սակայն, մթերումը նշված մարզերի որոշ համայնքներում ոչ միայն չի սկսվել, այլև գործարանները զգուշացրել են՝ 5 տոննայից ավելի չեն ընդունելու: Եվ դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին սահմանափակումներ չեն եղել:
«Ինչի համար պտի միլիոնատերը գա հարուր հեկտարներով դնի, խեղճ գյուղացին 3 հեկտարը չկարանա իրացնի, իրանք միլիոններով, տոննաներով են հանձնում, ինչի համար»:
Գյուղացիները համաձայնեցին ճանապարհը բացել միայն այն բանից հետո, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահեցնեց՝ գործարանները մթերումը կսկսեն երկու օրից և կընդունեն ամբողջ բերքը:
«Մի կիլոգրամ խաղող չի մնա»,- խոստացավ մարզպետը:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով, այս իրավիճակը կանխատեսելի էր: Կոնյակ և գինի արտադրող ընկերությունների մեծ մասի սպառման շուկան Ռուսաստանն էր, որտեղ առկա տնտեսական խնդիրներն ու, մասնավորապես, ռուբլու արժեզրկումը մեծ վնաս են հասցրել նաև Հայաստանի արտահանողներին: Դեռ նախորդ տարվա արտադրանքը չսպառած՝ գործարաններն այժմ չեն շտապում նոր մթերումներ անել:
«Պետությունը պետք է կարողանա միջազգային կառույցներից շատ արագ վարկ վերցնել և ուղղակի որպես դոնոր հանդես գալ, թե չէ գյուղացու բերքը կմնա կփչանա, գյուղացին կաղքատանա, գյուղացին կդժգոհի ու կհուսահատվի նորից»,- ասում է Մակարյանը:
Ըստ նրա, գյուղացիներն իրենց դժգոհությունը պետք է ուղղեն ոչ թե գործարաններին, այլ կառավարությանը, որը, կանխատեսելով հնարավոր բարդությունները, մինչև այսօր լուծումներ չի գտել: Տնտեսագետը համարում է, որ այսօր էլ ուշ չէ, և կառավարությունը կարող է օգնել՝ հարկային արտոնություններ տալով ընդունող գործարաններին կամ սահմանափակելով ներմուծումը, որպեսզի տեղական արտադրանքը սպառվի:
Կառավարությունը, միչդեռ, առայժմ աջակցության որևէ ծրագիր չի ընդունել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անցած ամիս մթերող գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդամենը հորդորում էր, որ «իր խաթեր» նրանք մի քանի տոննա ավելի բերք մթերեն:
Գյուղացիներն այսօր խոստացան, որ եթե խնդիրն առաջիկա օրերին չլուծվի, կրկին կփակեն դեպի Երևան տանող ճանապարհը: