Տուժողը ՀՀԿ-ական պատգամավորին մեղադրում է գործը կոծկելու մեջ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը, արխիվ:

28-ամյա Էդգար Սնխչյանը կասկածում է, որ մոտ մեկ ամիս առաջ իրեն վթարի ենթարկած ավտոմեքենայի ղեկին եղել է ոչ թե ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը, այլ հենց ինքը պատգամավորը, և վերջինիս մեղադրում է գործը կոծկել փորձելու մեջ։

«Ազատության» հետ զրույցում Էդգարը պատմեց, որ Սևանից վերադառնալիս մեքենան ճանապարհից դուրս կանգնեցրել է՝ անվադողը փոխելու համար, ու հենց այդ ընթացքում էլ հարված է ստացել։ Քրեական գործ, սակայն, չէր հարուցվել․ Քննչական ծառայությունը հաղորդել էր, որ տուժողը բողոք չի ներկայացրել:

Սնխչյանը, մինչդեռ, պնդում է, որ քննիչներն իրենից ցուցմունք են կորզել, երբ ինքը եղել է դեղերի ազդեցության տակ, կիսագիտակից վիճակում։ Երեկ նա մեղավորներին պատժելու պահանջով դիմել է դատախազություն։

«Ես չգիտեմ ոնց են արել, որ ես նման բան եմ գրել: Ես անգամ չեմ հիշում ոնց ա էդ ամեն ինչը տեղի ունեցել: Բայց էսօր իրանք ասում են՝ դու ցուցմունք ես տվել, որ ոչ մի պարտք ու պահանջ չունենք։ Ի՞նչ պայմաններում ա դա եղել, ես ուզում եմ իմանալ՝ եթե անգամ իմ ծնողին թույլ չեն տվել ռեանիմացիա մտնել: 6 հատ զոնդ բերանս ա եղել, կադրեր եմ հիշում մենակ էդ ամեն ինչից։ Կադրեր, որ վատ եմ եղել, թևերս կապած․․․ Իմ հիշողության մեջ նման դրվագներ կան, բայց էդ ցուցմունքի պահը ո՞նց ա եղել, ո՞նց են ինձանից կորզել նման բան, չեմ հիշում», - պատմեց Էդգարը՝ հավելելով, որ իր հարազատներին ՀՀԿ-ական պատգամավորն ու եղբայրը օգնելու խոստումներ են տվել, սակայն բողոքարկման ժամկետի ավարտից հետո չի հաջողվում կապ հաստատել նրանց հետ:

«Էն որ մենք իրանց առաջարկել ենք փոխհատուցել, մեզ հիմա իրանց էդ փոխհատուցումը պետք չի: Որովհետև մենք քանի բժիշկների մոտ մտնում ենք, հասկանում ենք, որ էդ փոխհատուցումով իմ խնդիրներից նույնիսկ մեկ-երկուսը չի բուժվի», - ասաց նա:

Էդգար Սնխչյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է և մոտ 10 օր բուժվել։ Նա, սակայն, պատրաստվում է բողոք ներկայացնել նաև բուժհաստատության դեմ։ Պնդում է, որ իրեն բժշկական սխալ եզրակացություն են տվել՝ վախենալով կամ կաշառվելով ՀՀԿ-ական պատգամավորի կողմից։

«Իրանց հարվածից ես 35 մետր թռել եմ, ընկել եմ, էն տիպի եմ ընկել, որ իմ հարազատները ինձ չեն գտել անգամ․․․ Ու իրանք ուզում են էսօր ապացուցեն, որ՝ ինչ վնասներ, որ դու ունես, դա դու ունեցել ես, էս ամեն ինչի հետևանքը չի: Էս բժիշկները նմանատիպ հայտարարություն են արել ու նմանատիպ էպիկրիզ են տվել», - ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը հաստատեց, որ Սնխչյանը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում և համապատասխան բուժում է ստացել, հավելելով․ - «Եթե հիվանդը համաձայն չէ բժիշկների տված եզրակացության հետ, ապա կարող է դիմել դատական բժշկին»։

Կարեն Ավագյանի կարծիքը լսել չհաջողվեց։ Հեռախոսազանգերին նա չի պատասխանում: Փոխարենը՝ սոցիալական ցանցում է հայտարարություն տարածել, պնդելով, թե առայժմ չի ուզում խոսել, կսպասի մի քանի օր և հույս ունի, որ «Սնխչյանը հետ կկանգնի այս ամոթալի ճանապարհից»։

Your browser doesn’t support HTML5

Տուժողը ՀՀԿ-ական պատգամավորին մեղադրում է գործը կոծկելու մեջ