Գործարար․ Ամբողջ համակարգը բիզնես ծավալելու համար անբարենպաստ է

Գործարար Սամսոն Գրիգորյան

Տարբեր ոլորտներում բիզնես փորձառություն ունեցող Սամսոն Գրիգորյանը երկար է թվարկում Հայաստանում գործարարությանը վնասող խոչընդոտները՝ մենաշնորհներից մինչև իշխանության ու բիզնեսի սերտաճում, հարկային բեռ, հարկային մարմնի անտեղի ստուգումներ:

«Ստուգումների արդյունքում ոչ մի բարելավում չենք տեսնում այսօրվա դրությամբ, քանի որ հարկերը այնքան բարձր են, միևնույն է, բիզնեսը փորձելու է ստվերում աշխատել, որովհետև եթե այսօր բիզնեսը ամբողջովին ստվերից դուրս գա, խոչընդոտների կհանդիպի: Դրա համար լավագույն տարբերակը կլիներ նա, որ հարկերը իջեցվեին, խելամիտ շեմի հասցվեին», - ասաց Գրիգորյանը:

Հաջորդ ամենաբարդ խնդիրը, ըստ գործարարի, միջոցների բացակայությունն է: Սկսնակ բիզնեսմենը Հայաստանում վարկ ստանալ չի կարող․ բանկերը բիզնես վարկ տրամադրում են առնվազն 6 ամիս գործող ձեռնարկություններին, այն էլ՝ տարեկան 16 տոկոս տոկոսադրույքով, որը գործարարը թալան է որակում:

Ամբողջ համակարգը, Գրիգորյանի խոսքով, բիզնես ծավալելու համար անբարենպաստ է․ - «Առաջին հերթին, իմ կարծիքով, պետք է սահմանի վերահսկողությունը լրիվ փոխվի, բերվի այն վիճակին, որ ամբողջովին վերահսկվի՝ ինչ ապրանք է մտնում, որ չմտնի սև իկրա, գրանցվի կանաչ ոլոռ և այդպիսի այլ օրինակներ: Մի հումոր կա՝ ասում է՝ Հայաստան այնքան մեխ է ներկրվել, որ կարող ենք ամբողջ Հայաստանը մեխով պատել»:

Գործարար Պողոս Գաբրիելյանը բոլորովին այլ ոլորտում է աշխատում՝ դպրոցների համար ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ է պատրաստում, բայց միևնույն խոչընդոտներն է մատնանշում․ - «Զարգացմանը միտված գործողություններ ես կարող եմ ասել, որ մեր երկրում առայժմ արդյունք չի տալիս, քանի որ մեր երկիրը պարզապես չի մտածում․․․ Խոսում են փոքր ու միջին բիզնեսի համար, գալիս ու գնում են կառավարությունները, քանի որ օլիգարխիկ տնտեսություն է կառուցում այս երկիրը, ինչի մասին է խոսքը»:

Երևանում և մարզերում Գործարարների միության կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրները համատարած են․ հարցված 107 գործարարների 86 տոկոսը պնդել է, որ չնայած իշխանության հայտարարություններին, փոքր ու միջին ձեռներեցությունն անկում է ապրում:

Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հակադարձեց՝ հարկային բեռը թեթևացել է, վարչարարությունը՝ նվազել, ու հավելեց․ - «Կան նաև Հայաստանի իրականությամբ պայմանավորված որոշակի անելիքներ, որոնք արվում են պետական ծրագրերի շրջանակներում, արվում են ռազմավարություն, քաղաքականություն իրականացնելով, արվում են կոնկրետ գործող կառույցների միջոցով աջակցություն տրամադրելով»:

Գործարարներն ու տնտեսագետները, մինչդեռ, բարձրաձայնում են՝ խնդիրը լուծելու համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք, մյուս լուծումները կիսաքայլեր են:

«Ցանկություն չկա ուղղակի: Որովհետև այսօր մեր քաղաքական դաշտը շատ մեծ կախում ունի մեծ բիզնեսներից․․․ Մեր Ազգային ժողովում, իմ կարծիքով, մի 70 տոկոսը բիզնեսմեններ են, որոնք երբեք թույլ չեն տա, որ իրենց բիզնեսը տուժի», - ասաց Սամսոն Գրիգորյանը: