Դատելով բանակցությունների ավարտին երկու նախարարների հնչեցրած հայտարարություններից՝ նրանք բանակցությունների համար նախատեսված ժամանակի գերակշիռ մասը նվիրել էին Սիրիայում ստեղծված կացության քննարկմանը:
«Ռուսաստանն ու Թուրքիան թե՛ տարածաշրջանում և թե՛ տարածաշրջանից դուրս կայունության գլխավոր երաշխավորներն են հանդիսանում: Մեր օրակարգում տարածաշրջանային հարցեր կան ընդգրկված, պայքարն ահաբեկչության դեմ: Այսօր, սակայն, մենք նախևառաջ Սիրիայում ստեղծված իրադրությունը քննարկեցինք», - հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն` նշելով, որ թեև Սիրիայում ծավալված պատերազմի հարցում Անկարան և Մոսկվան տարբեր մոտեցումներ ունեն, այնուհանդերձ երկու կողմերի նպատակը նույնն է` խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում:
Այն, որ Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններին այդպես էլ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում, անուղղակիորեն հաստատեց նաև Սերգեյ Լավրովը: Նրա հայտարարություններից կարելի է ենթադրել, որ գլխավոր տարաձայնությունները կրկին վերաբերում են Բաշար Ասադի և նրա վարչակազմի ճակատագրին:
«Կոնկրետ անձանց թեմայով ընդհանուր հայտարարի մենք չէին կարող հանգել, քանի որ ինչ վերաբերում է Սիրիայի ղեկավարությանը, մասնավորաբար՝ Բաշար Ասադի ճակատագրին, դա ոչ թե մենք պետք է որոշենք, այլ Սիրիայի ժողովուրդը», - հայտարարեց Սերգեյ Լավրովը՝ միջազգային հանրությանը հերթական անգամ կոչ անելով համագործակցել Սիրիայի գործող վարչակազմի հետ:
«Որևէ պատճառ չկա խուսափելու Սիրիայի հետ համագործակցությունից: Նախևառաջ հենց Սիրիայի իշխանությունն է, որ դիմադրում է ահաբեկչության վտանգին: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ Բաշար Ասադը սիրիական բանակի գլխավոր հրամանատարն է: Իսկ սիրիական բանակն այսօր ռազմի դաշտում «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությանը» դիմակայող թերևս ամենամարտունակ ուժն է», - պնդեց Լավրովը:
Ի դեպ, այն պահին, երբ Սոչիում հանդիպում էին երկու երկրներին արտաքին գործերի նախարարները, Մոսկվայում մամուլի ասուլիսով հանդես եկավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին` ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը նշեց․ - «Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է կարգավորման գործընթացում: Մենք այդ պրոցեսի պատասխանատու մասնակիցներ ենք, և Մոսկվան կանի հնարավորը՝ հարցի շուտափույթ հանգուցալուծմանը հասնելու համար»: