Այսօր Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում սկսվում է 3-օրյա ջազային տոնը՝ «Երևան ջազ 2015» միջազգային եռօրյա փառատոնը, որ կազմակերպել են վերջերս հիմնադրված Հայաստանի ջազի ասոցիացիան և Mezzo Production-ը՝ հայկական ջազի լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մեր ամենահայտնի ջազ երաժիշտները՝ Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Սերգեյ Մանուկյանը, Էռնա Յուզբաշյանը և մյուսները վստահ են, որ երաժշտական եռօրյա անմոռաց տոն են կազմակերպելու ջազի սիրահարների համար՝ արտասահմանից ժամանած մի շարք անվանի ջազմենների, մեր ջազային հայտնի նվագախմբերի և Արցախի ջազային պետական նվագախմբի հետ:
«Երևանը կա ջազային քարտեզի վրա: Հավատացեք, մենք չենք նստած մեզ գովում: Դա այդպես է: Երիտասարդները նվագում են, միջին տարիքի մենք արդեն հզոր հաջողություններ ունենք, դափնեկիրներ, մասնակիցներ միջազգային փառատոների: Ցավալին նա է, որ հենց մեր հայրենիքում, Երևանում դուք այդ մասին այնքան էլ տեղեկացված չեք», - նշեց Արմեն Թութունջյանը:
Ի դեպ, օրերս Լևոն Մալխասյանի նախաձեռնությամբ թողարկվել է հայկական ջազի արդեն 77-ամյա պատմությունը ներկայացնող ալբոմը՝ 10 ձայներիզով: Դրանք ներկայացնում են ավելի քան 100 հայ ջազմենների կատարումները:
«Էս անթոլոգիան շատ ծանր էր հավաքել հենց էդ շրջանը՝ 38 թվից մինչև 60-ը: Երկու տարվա իմ և մեր լավ թիմի աշխատանքն է, որը հենց ջահելների համար է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լևոն Մալխասյանը:
2 տարի առաջ հայկական ջազի ստեղծման 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Չիկոն՝ Արմեն Թութունջյանը, գիրք հրատարակեց՝ ներկայացնելով հայկական ջազի պատմությունը՝ սկսած նախորդ դարասկզբի 30-ականներից, երբ Արտեմի Այվազյանը հիմնադրեց ջազ-նվագախումբը, մինչև մեր օրերը:
Չգիտեմ, թե որքանով է ֆրանսիացի անվանի ջազմեն Լորան Ռոբենը ծանոթ հայկական ջազի պատմությանը, բայց նա արդեն 8-րդ անգամ է Հայաստանում և այսօր հպարտությամբ ասում էր, որ այստեղ իրեն շատ լավ է զգում և մեծ սիրով է ընդունում հրավերները:
Ավստրիայից ժամանած Հյուբերտ Թաբբսը առաջին անգամ է Հայաստանում և դեռ չի լսել մեր ջազմեններին, սակայն պարզապես հիացած է հայ պատանի ջազմեններով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներով, ովքեր այսօր ջազային հրաշալի մեղեդիների իրենց կատարումներով զարմացնում էին Աբովյան փողոցի «Երևան ջազ 2015» միջազգային փառատոնից առայժմ անտեղյակ անցորդներին: