Միացյալ Նահանգները խորը ափսոսանք է հայտնում Ռուսաստանի իշխանությունների միակողմանի որոշման կապակցությամբ, որի համաձայն Մոսկվայում արգելվել է ԱՄՆ-ի հովանու տակ գործող Ամերիկյան կենտրոնի գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը:
Նրա խոսքով՝ արտասահմանյան գրականության Համառուսական պետական գրադարանը, որին կից գործել է մշակութային կենտրոնը, հաղորդել է, որ դադարեցնում է դեսպանատան հետ համագործակցությունը, հայտարարելով, որ մտադիր է կենտրոնի ամերիկացի տնօրենին փոխել և ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել նրա գործունեությունը:
Նման քայլը է՛լ ավելի է վնասում վերջին շրջանում արդեն իսկ խարխլված երկու երկրների հարաբերությունները, նշում է ամերիկյան դեսպանատունը:
Գրադարանի տնօրեն Վադիմ Դուդան հայտարարել է, որ Ամերիկյան կենտրոնը շարունակելու է գործել, սակայն արդեն որպես ռուսական կառույց, առանց ամերիկյան կողմի ֆինանսավորման և աջակցության: Կենտրոնը գործում է 1993 թվականից: