Փոքր ու միջին ձեռներեցներից շատերը հրաժարվում են ստորագրել ՀԷՑ-ի առաջարկած նոր պայմանագրերը

ՀԷՑ-ից հակադարձում են՝ իրենք ՀԾԿՀ-ի որոշումից բացի այլ փաստաթուղթ չունեն, որի հիման վրա հնարավոր կլիներ պայմանագրեր առաջարկել նախկին սակագնով:

Ավելի քան տասը տարի Երևանում փոքրիկ խանութներ ունեցող Արա Սաքոյանը երկու օր է՝ սննդի գները հաշվարկելու փոխարեն գումարում-հանում է էլեկտրաէներգիայի համար վճարելիք գումարը:

Գործարարը օրերս պայմանագրի նոր ձև է ստացել, որը ստորագրելու դեպքում պարտավորվում է 1 կՎտ-ի համար վճարել 49 դրամ։ Պնդում է, որ այդ դեպքում ամեն ամիս 40-50 հազար դրամով ավելի է մուծելու։ «Ստացված շահույթը չգիտենք քանի տեղ բաժանենք»,- բողոքում է սեփականատերն ու շարունակում. - «240 դրամ մատակարարման գինն ա, խանութի վաճառքի գինը 250 դրամ ա, այսինքն մենք ունենք 10 դրամ, որից պիտի խանութի ծախսերը հոգանք, սառնարանի, հոսանքի ծախսերը, հարկայինի և այլն և այլն։ Թաղապետարանում էլ պետք ա առևտրի փող մուծենք։ 10 դրամը քանի՞ մասի կարելի ա բաժանել: Եթե օրական ծախում ենք 10-15 հատ, բացարձակապես ձեռք չի տալիս»։

Կառավարության առաջարկած լուծումը չի գոհացնում թանկացման դեմ ցույցերի մշտական մասնակցին։

«Ժողովրդին բաժանեցին երկու մասի, հասարակ բնակչությանը, որի գրպանին ներկա պահին չի կպնում, մեկ էլ թեթև ձեռնարկատերերին, փոքր բիզնեսին: Այսինքն, մենք հիմա քիչ ենք, ժողովուրդը միասնական չի, ավելի հեշտ կկոտրեն։ Թեկուզ վերջին միտինգը, որ Բաղրամյանում եղավ, ավելի քիչ էինք, հեշտ ցրեցին ժողովրդին»։

Խանութպան Գոհար Դանիելյանն էլ է վրդովվում, ինչո՞ւ է ՀԷՑ-ը թանկ գնով հաշվարկում հոսանքը՝ առանց սպասելու նախագահի խոստացած աուդիտի ավարտին, հարց է տալիս նա ու շարունակում։

«Եթե էդպես ա, առաջարկում եմ՝ թող նախագահը կանգնի և հեռուսատատեսությամբ հանդես գա, ասի՝ ժողովուրդ ջան, ձեզ հերթական անգամ ես խաբել եմ, չի լինելու աուդիտի ավարտին, հիմայա լինելու, մենք էլ իմանանք մեր անելիքը, թե չէ ինչո՞ւ մենք տեսուչի հետ լավամարդ կամ վատամարդ լինենք։ Տեսուչն էլ մեզ նման հասարակ խաբված քաղաքացի ա։ Շղթայական ռեակցիայով հացը թանկանալու ա, մթերքը թանկանալու ա, ամեն ինչը թանկանալու ա։ Էդ մարդն էլ ա թանկ վճարելու»։

Նույն փողոցում մի քանի խանութ արդեն փակվել է։ Նախկինում հրուշակեղենի խանութի մի սեփականատեր, ով չցանկացավ նկարահանվել, նշեց՝ արտադրամասը փակել է գնորդների պակասի ու օր-օրի ավելացող ծախսերի պատճառով։ Հարևանությամբ տեղակայված հացի փուռն էլ խնդիրներ ունի։ Հոսանքի համար այս ամիս հավելյալ 140 հազար դրամ պետք է վճարի։ Մարետա Զարոյանը նշում է, որ թեև հացամթերքի գները բարձրացնել չեն ցանկանում, սակայն մի օր ստիպված են լինելու. - «Ամեն ինչին էլ խանգարում ա։ Արդեն պիտի հացը թանկացնենք, ալյուրն ա գալիս թանկ, եթե հոսանքը թանկացավ, ինքնըստինքյան ամեն ինչը»։

Բարձրացված սակագնով հոսանքի դիմաց վճարելու պայմանագրեր ստանում են բոլորը, նույնիսկ մինչև 500 կՎտ սպառած ձեռներեցները, որոնց կառավարությունը խոստացել էր փոխհատուցել։ Այլ ելք չկա՝ պարզաբանեց ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը։

«Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից բացի այլ բան այսօր չունենք և առաջնորդվում ենք այդ որոշմամբ: Իսկ այդ որոշման համաձայն, էլեկտրաէներգիայի սակագները օգոստոսի 1-ից փոխվել են։ Բնականաբար՝ մեր պայմանագրերում էդ փոփոխությունը պիտի տեղ գտնի»,- պարզաբանեց Սարջանյանը։

ՀԷՑ-ը միաժամանակ պնդում է՝ եթե խորհրդատվական ծառայությունը պարզի, որ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումն անհիմն է, իրենք կվերադարձնեն ավել վճարված գումարները։

Ձեռներեցները, սակայն, թերահավատ են։ Նրանցից մեկն ասում է․ - «Չեմ ստորագրելու, բայց եթե չստորագրեմ, իրանք իմ լույսը անջատեն, փաստորեն ահագին ապրանք փչանալու ա, ո՞վ ա փոխհատուցելու էդ փչացած ապրանքի գումարը։ Մեր կառավարությանը որ նայում եմ՝ չեն կարողանալու փոխհատուցեն, ի՞նչ լուծում ա ունենալու էս հարցը։ Ասում ես՝ լավանալու ա, մի քիչ էլ ձգեմ, բայց թելը կտրվելու ա, էդ պահն ա, էլ իրոք հնարավոր չի ձգել»։