Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքով, ՀԱՊԿ-ի Դուշանբեի գագաթնաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանը չպետք է հույսեր կապի այդ կառույցի հետ:
Սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին օրեր տևած ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդը օգտագործեց անգամ ռեակտիվ հրթիռահրետանային կայանքներ, ռմբակոծվեցին խաղաղ բնակավայրեր, ունեցանք զոհեր:
Անցած շաբաթ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը, ինչպես նաև երեկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում նախագահ Սարգսյանը խոսեց Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի մասին, սակայն դաշինիքի մյուս անդամները լռությամբ արձագանքեցին: Ավելին՝ գագաթնաժողովի արդյունքում ընդունված հայտարարությունում որևէ անդրադարձ չեղավ հայ-ադրբեջանական հակամարտությանը:
«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ հույսը կապում է իր հետ»,- Դուշանբեում ընդունված հայատարարությանը այսպես արձագանքեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: - «Եվ մենք բոլորս մեր հույսը պետք է միշտ կապենք մեզ հետ: Բայց, համենայն դեպս, միջազգային հանրության հետ մենք պետք է հաշվի նստենք: Մեր հիմնական գործերից մեկը դա պետք է լինի, որ կարողանանք այնպես մատուցել, որ դրան միանա նաև միջազգային հանրությունը, առավել ևս ՀԱՊԿ-ը, որի անդամն ենք մենք»:
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքում անդամ պետությունները նաև հայտարարեցին, որ «ակտիվորեն հանդես են գալիս սպառազինությունների մրցավազքի կանխման օգտին»:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը տարակուսում է՝ նման հայտարարություն ընդունվում է այն պարագայում, երբ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի ու Բելառուսի ակտիվ մասնակցությամբ Ադրբեջանը զինվում է՝ Հայաստանին ներքաշելով սպառազինությունների մրցավազքի մեջ․ - «Սա պետք է, թերևս, մեզ ազատի տարբեր տեսակի պատրանքներից, որ ՀԱՊԿ-ը կարող է երբևէ հօգուտ Հայաստանի ինչ-որ որոշում կայացնել, և Ադրբեջանի ստրատեգիական բարեկամ երկրները, որոնք ներկայացված են ՀԱՊԿ-ում, կարող են ինչ-որ կոշտ որոշում ընդունել»:
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կարծում է, որ որևէ մեկը Հայաստանում լուրջ չի ընկալում ՀԱՊԿ-ը, և դա մի կառույց է, որը ընդամենը հնարավորություն է ընձեռում էժան գնով զենք գնել: Ընդ որում, ըստ պատգամավորի, սա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում․ - «Ինքը շատ փայլուն երևի հասկանում է, որ եթե ինքը վաղը ռազմական գործողություններ սկսի, ոչ թե ՀԱՊԿ-ի զորքեր ենք մենք այստեղ տեսնելու, այլ լինելու ա հայկական զորքեր և լավագույնս՝ միջազգային հանրության կողմից հայտարարություններ կամ ինչ-որ օժանդակություն: ՀԱՊԿ-ից ընդամենը միգուցե ռուսական մասնակցություն կլինի: Բելառուսի և Ղազախստանի նախագահները նույն ԵՏՄ-ի շրջանակներում ավելի շատ ադրբեջանական շահերից են խոսում: Ի՞նչն է փոխվում, որ իրենք ՀԱՊԿ-ում պետք է այլ հայտարարություններ անեն»: