Քրգործ Քանաքեռ-Զեյթունի անձնագրայինում կեղծիքի փաստով

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքում քաղաքացուն կեղծ հիմքով անձնագիր տրամադրելու փաստով:

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, ըստ ծառայության հաղորդագրության, պարզվել է, որ «ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ»:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և նույն բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու» դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով, որոնցով սահմանված է տուգանքներից մինչև չորս տարվա ազատազրկում: Կատարվում է նախաքննություն: