ՀՀԿ-աններն ասում են՝ «ճիշտ չի լինի», եթե Սերժ Սարգսյանը պաշտոնավորումից հետո «նստի տանը»

Հանրապետական կուսակցության համագումարը, արխիվ

Հանրապետականները չեն ուզում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը նստի տանը. այսօր «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ հանրապետական պատգամավորներ պնդում էին, որ իրենց ղեկավարը պետք է մնա ակտիվ քաղաքականության մեջ՝ զբաղեցնելով «իր ուզած պաշտոնը»։

Այս մասին առաջին անգամ հայտարարեց Մարգարիտ Եսայանը երեկ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ: «Իսկ ինչո՞ւ չի կարող։ Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից ավելի լավը։ Մի հատ նայեք կենսագրությունը՝ Ղարաբաղից սկսած, Հայաստանով վերջացրած։ Ինչո՞ւ պիտի այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող պետական-քաղաքական գործիչը իր պաշտոնավարումից հետո գնա, նստի իրենց տանը»,- ասել էր Եսայանը։

Այս տեսակետն այսօր պաշտպանեցին հանրապետական մյուս պատգամավորները։ Մասնավորապես Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը նշեց, թե Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարումից հետո չպետք նստի տանը.- «Որևիցե մի պաշտոն պետք է ղեկավարի, պետք է մեր ղեկավարման շինարարությանը մասնակցի, բոլոր պաշտոնները, որ ինքը կցանկանա, ճիշտ չի լինի ամեն դեպքում, որ ինքը նստի տանը»։

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո էլ պետք է զբաղվի ակտիվ քաղաքականությամբ, քանի որ նրա փորձառությունը պետք է ժողովրդին։ Պատգամավորը Սերժ Սարգսյանին ցանկանում է տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում։

«Բնական է՝ ինքն կորոշի որ պաշտոնում, դա արդեն մարդու ցանկությունն է, իհարկե, բազմիցս նշել է, որ ինքը այս փոփոխություններից հետո ո՛չ պառլամենտի, ո՛չ առավել ևս երկրի նախագահ չի ցանկանում լինել, բայց ես իմ կարծիքը ունեմ, որը իմ շատ գործընկերներ կիսում են, որ նման փորձառու մարդիկ պետք են մեր պետությանը»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանը կարող է ՀՀԿ-ական մեծամասնության հորդորով փոխել իր դիրքորոշումը երկրորդ նախագահական ժամկետից հետո պաշտոններ չզբաղեցնելու առնչությամբ.- «Իսկ ինչո՞ւ ոչ, միգուցե նաև նման ձևով լինի, որովհետև նա մեր կուսակցության նախագահն է, կուսակցության ակտիվը, խորհուրդը կարող են այդ հորդորներով փորձել փոխել նրա կարծիքը»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե շնորհակալ է հանրապետականներին այս հայտարարությունների համար, որոնք բացահայտում են Սերժ Սարգսյանի իրական մտադրությունը և վերարտադրության սցենարը:

«Սերժ Սարգսյանը 2017 թվականի ընտրություններում լինելու է առաջինը խորհրդարանական ցուցակում, հետո, բնականաբար, հրաժարական է տալու՝ ապացուցելով, որ ինքը Ազգային ժողովի նախագահի պաշտոնին չի հավակնում, և համաձայն անցումային դրույթների՝ շարունակելու է պաշտոնավարել որպես ՀՀ նախագահ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, որից հետո Ազգային ժողովում կազատվի մի մանդատ, և քանի որ մինչև այդ Ընտրական օրենսգիրքը փոփոխված կլինի այնպես, որ ոչ թե հաջորդն է վերցնելու մանդատը, այլ առաջին հրաժարվածները, Սերժ Սարգսյանը այդպիսով կմտնի պառլամենտ։ Եվ այնտեղ ԱԺ նախագահը հրաժարական կտա, ինքն էլ կդառնա ԱԺ նախագահ։ Սա է ամբողջ սխեման, որ նրանք մշակել են և Սահմանադրությունը փոփոխում են հենց այդ դերակատարության և առաքելության ապահովման համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ չե՞ն հավատում Սերժ Սարգսյանի խոստումներին, որ խորհրդարանի նախագահի և վարչապետի պաշտոններին չի հավակնելու, Զուրաբյանը պատասխանեց.- «Հավատո՛ւմ ենք, որովհետև նա 2017-ին իսկապես կապացուցի, որ ինքը Ազգային ժողովի նախագահ չի ցանկանում լինել։ Ուրիշ բան, որ 2018 թվականի ապրիլի 9-ին նրա որոշումը կփոխվի»։