Հալեպում զոհերի թիվն աճում է

Հալեպը՝ հերթական հրթիռակոծությունից հետո, արխիվ

Տուժածների մեջ հայեր չկան, հրթիռակոծվել են հայկական թաղամասերից մոտ 10 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրերը:

Հալեպի բնակելի թաղամասերում երեկ տեղի ունեցած հրթիռակոծության զոհերի թիվն աճում է։ Սիրիական SANA պետական լրատվական գործակալության համաձայն, զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Տուժածների մեջ հայեր չկան, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Հրթիռակոծվել են հայկական թաղամասերից մոտ 10 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրերը։ Ըստ Պողիկյանի, իրավիճակը խիստ լարված է: «Ավելի քան 100 հրթիռ ընկած է մեկ օրվա մեջ»,- մանրամասնեց նա:

Պողիկյանը նշեց, որ Հալեպի խմելու ջրի կայանքը դեռևս գտնվում է զինյալների հսկողության տակ, ինչն առանց այդ էլ պարբերական հրթիռակոծությունների տակ ապրող բնակչության կյանքը է՛լ ավելի է բարդացնում։

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հալեպահայերը շունչները պահած հետևում են Հալեպում ընթացող բախումներին։ Նազարեթ Արոյանը փորձում է զանգահարել Հալեպ, բայց ապարդյուն՝ վատ կապի պատճառով հազվադեպ են կարողանում լսել Հալեպում մնացած հարազատների ձայնը:

Մեկ ամիս առաջ Հալեպից Հայաստան տեղափոխված Նազարեթը վերջին անգամ երեկ է խոսել քրոջ հետ, լուրերը հուսադրող չեն։ Հիվանդանոցում աշխատող քույրը մանրամասներ է պատմել երեկվա դեպքերի մասին․ - «Ասել է, որ բոլորին օգնությունը չէին հասցնում, մեծամասնությունը երեխաներ էին, կտոր-կտոր են եղել»:

Նազարեթը Սիրիայում գորգերի մի քանի խանութները թողել-հեռացել է, բայց անգամ Հայաստանում վախը չի անցնում, խաղաղության մեջ շարունակում է անհանգստանալ պատերազմող երկրում մնացած հարազատների համար։

Ազգականը՝ Նազարեթ Գույումջյանը պատմում է, որ երեկ ռմբակոծություններից քրոջ ամուսինը հազիվ է կենդանի մնացել։ Չորս տարվա պատերազմն ի վերջո ստիպեց երիտասարդ հալեպահային ընտանիքը տեղափոխել Հայաստան, սակայն քույրերն իրենց ընտանիքներով մնացել են պատերազմի գոտում՝ տեղափոխվելը մեծ գումարների հետ է կապված։

Ազգականների հետ այսօր չկարողացավ կապվել նաև Հայաստանում հաստատված Միքայել Կարապետը։ Եղբայրներին չի կարողանում համոզել տեղափոխվել Երևան, դեռևս կարողանում են դիմակայել պատերազմական վիճակին.- «Վերջին անգամ երկու օր առաջ եմ խոսել, ասացին՝ շատ վատ պայմաններու մեջ են, հոսանք չկա, ջուր չկա, համացանց չկա, ապրուստի վիճակը երթալով վատանում է»։

Անցած երեք տարիներին Հայաստան է տեղափոխվել ավելի քան 19 հազար սիրիահայ։ Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն ասում է՝ այս տարի սիրիահայերի հոսքն ավելացել է։ Պաշտոնյան նշում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունը, սակայն խնդրահարույց են սիրիահայերին աշխատանքով և կացարանով ապահովելու հարցերը։ Կառավարությունը պնդում է, որ բյուջեի միջոցներով հնարավոր չէ բոլորին օգնել, ստիպված են ապավինել միջազգային կազմակերպությունների աջակցությանը։

«Ես արդեն երկու ամիս է՝ Երևանում եմ։ Այսինքն եթե որոշ գումար ըլլա, դյուրություն տա կառավարությունը աշխատելու, վստահ եմ, որ բոլոր հայությունը պիտի գա հոս»,- ասում է Նազարեթ Գույումջյանը։