Գյումրին այսուհետ Կուրսկի հրապարակ կունենա

Գյումրին այսուհետ կունենա Կուրսկի հրապարակ․ ավագանին արդեն իր որոշումը կայացրել է:

«Հրապարակի անվանակոչումը խթան կհանդիսանա է՛լ ավելի զարգացնելու Գյումրի և Կուրսկ քաղաքների մշակութային, տնտեսական համագործակցությունը», - այսպես է հիմնավորել իր որոշումը ավագանին։

«Կուրսկի կողմն է խնդրել նամակով քաղաքի ղեկավարությանը, որպեսզի հիմնեն այս հրապարակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի ճարտարապետ Սուրեն Կուռազյանը:

Հայ - ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգու կամարներն արդեն պատրաստ են, պուրակի տարածքը վարձակալությամբ հանձնվել է Կուրսկի հայ համայնքին: Հաջորդ ամիս նախատեսվում է Կուրսկից ժամանող մեծ պատվիրակությամբ այն բացել: Այսօր արդեն այդ բարեկամությունը խորհրդանշող ցուցանակն էր փակցվում հաղթակամարին: Աշխատանքներին հետևում էին Կուրսկի հայ համայնքի ղեկավարի մտերիմները: Նրանցից Աշոտ Մուսիկյանը ասաց, որ նախատեսում են գյումրեցիների համար հանգստի գոտի կառուցել խաղահրապարակներով:

Գյումրու ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը, ով, ի դեպ, բոյկոտում է ավագանու նիստերը, ասում է, որ քանի դեռ քաղաքը չունի քաղաքաշինական կանոնադրություն, ում անունով հրապարակ ասես կարող են անվանակոչել առանց հանրային քննարկման: Բարսեղյանը համոզված է, որ Կուրսկի հրապարակը վերջինը չի լինելու:

«Զոռով բերում եք՝ կպցնում եք Կուրսկի հրապարակ, հետո՝ Օրյոլի, հետո՝ Տուլայի, հետո ի՞նչ՝ Գուլագի՞ հրապարակ: Կարող էին բանակցել, ավելի արդյունավետ լուծում գտնել, որպեսզի աշխարհով մեկ խաղք ու խայտառակ չլինեինք», - ասում է նա:

Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ Կուրսկի հայ համայնքը հրապարակի բացումից հետո կոգևորվի ու ներդրումներ կանի:

«Եթե երևակայենք, որ այդ տղերքը կամ ուրիշ տղերք աշխատում և ապրում ու փող են ուղարկում, ասենք, Սիկտիվկար քաղաքից, կամ ավելի դաժան բան ասեմ՝ Վորկուտա քաղաքից էին ուղարկում, և հրապարակներից մեկի անունը դրվում է Վորկուտայի հրապարակ, սրա դաժան հետևանքներով․․․ Հիմա իրենց թվում է, թե Կուրսկի հրապարակը շատ բարեհունչ է: Շատ պրիմիտիվ մտածողության արդյունք է սա, մեր քաղաքին չսազող», - ասում է ավագանու անդամը:

Կուրսկի հրապարակը հատվում է Դուդկո փողոցին, որի սկզբնամասում գործում է հայ - ռուսական գրադարանը: Դուդկո փողոցից էլ ավելի շատ օգտվում է ռուսական ռազմաբազան՝ ծանր տեխնիկայի մեծ մասն այդպես է անցնում: