«Նորաշեն 2007»-ի զոհերը շարունակում են պայքարը

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ։

Աջափնյակ համայնքում գտնվող նորակառույց շենքերում նրանք տարիներ առաջ բնակարաններ են ձեռք բերել, սակայն այդպես էլ տան սեփականատեր չեն դարձել։ Ֆինանսական խնդիրների պատճառով կառուցապատող ընկերության ղեկավարները նույն բնակարանները գրավ են դրել մասնավոր անձնանց մոտ և առք ու վաճառք ձևակերպել՝ փոխարենը տոկոսով գումար վերցնելով։

Ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը դատապարտվել են համապատասխանաբար 5 և 6 տարվա ազատազրկման։

2011 թվականից ի վեր պայքարող բնակիչների խոսքով, սակայն, հիմա իրենց կռիվը վաշխառուների դեմ է:

«Արդեն բոլորը՝ դատավորը, դատախազը, բոլորը անգիր գիտեն, որ Գագիկ Առաքելյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռազմիկ Ավագյանը․․․ մի ամբողջ կազմ վաշխառուներ մեր բնակարանները վերցրել են գրավի տակ, և էս 5 տարի դատավարություն ա գնում, փոխանակ դատավարության շնորհիվ մենք էսօր բնակարանները հետ բերեինք, ընդհակառակը, մենք էսօր կորցնում ենք բնակարանները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արուսյակ Վանյանը:

Վրդովված բնակիչների խոսքով, դատարանը իրենց բնակարանները խլած վաշխառուներին պատժելու փոխարեն նրանց նույնպես ճանաչում է որպես գնորդ: Նրանք համոզված են՝ այս ամենը տեղի է ունենում, որովհետև տոկոսով գումար տրամադրած անձինք ազդեցիկ պաշտոնյաներ են և լծակներ ունեն:

«Մենք ամեն անգամ դիմել ենք նախագահին, դիմել ենք վարչապետին, որ իրանք հսկեն էս ամեն ինչին, որ գոնե իրենց ձեռքով մի քիչ արդարություն վերականգնվի: Փաստորեն ստացվում է, որ իրենց հսկողությամբ էլ ոչինչ չարվեց: Այսինքն էդ մարդիկ էնքան կան, որ կարող են էս ամբողջ ժողովրդին ոտնահարեն», - պնդեց Վանյանը:

Տուժող Մելիք Շահինյանը պատմում էր, որ 61 միլիոն դրամ է վճարել, որպեսզի որդիների համար բնակարան գնի, սակայն մնացել է ձեռնունայն․ 5 բնակարաններից ոչ մեկն իրեն չի պատկանում․ - «Թոռներս մնացել են դուրսը: Մի տղաս էրեխեքին ստիպված վերցրել, գնացել ա Ռուսաստանի քուչեքն ա ընգե, երկրորդ տղես էլ ա գնացել Ռուսաստան: Երրորդ տղես էլ խմբագիր ա աշխատում, նորից թողնում ա գնա»։

«Միլիոններ եմ դեռ կորցնում, վարձով եմ ապրում: Մանկավարժ եմ, մանկավարժի աշխատավարձով վարձով եմ ապրում», - ասաց Արուսյակ Վանյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պատմում էին, որ տարիների պայքարի ընթացքում վաշխառուները մի քանի բնակարաններ այդուհանդերձ վերադարձրել են, սակայն` հավելյալ գումարի դիմաց։

«Էսօրվա դրությամբ ինքն ասում ա՝ եկեք 600-ով ես վաճառում եմ։ 550 դոլար արդեն տվել ենք, նշանակում է 1100 դոլար պիտի նորից տանք գնանք Արտաշես Մելիքյանից բնակարան առնենք», - ասաց խաբված բնակիչներից մեկը։

«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմին նաև իրենց բողոքի նամակը հանձնեցին։ Նրանք պատրաստվում են Վերաքննիչ դատարան դիմել, շարունակելու են նաև բողոքի ցույցեր անցկացնել։

«Ֆինանսով տուժել ենք, հոգեպես տուժել ենք, ժամանակը կորցրել ենք, նույնիսկ 27 բնակիչներից մեկը մահացել է, մեկը ծանր, հիվանդանոցում պառկած, մեկը վիրահատված․․․ Երևի իրանց ձեռնտու ա, որ բնակիչները քիչ-քիչ հուսալքվեն, հիվանդանան, կոտրվեն, մահանան, իրանք էլ գերշահույթ ստանալով հղփանան ինչ դառնան։ Իսկ ժողովուրդը թող արտագաղթի ճամփան բռնի, հայրենիքից հիասթափվի, չգիտեմ ինչի են հասցնում մեզ», - վրդովված ասաց ցուցարարներից մեկը։