Եվրոպան կանգնել է երկընտրանքի առջև

ԵՄ երկրների մի մասն անհրաժեշտ է համարում փախստականներին ընդունելը, մյուս մասը պահանջում է սահմանափակել միգրանտների ներհոսքը:

Փախստականների օրեցօր աճող հոսքը դեպի Եվրամիություն միացյալ Եվրոպային բարդ երկընտրանքի առաջ է կանգնեցրել․ երկրների մի մասը՝ Գերմանիայի ու Շվեդիայի գլխավորությամբ, հայտարարում են գաղթականներին ընդունելու ու անդամ պետությունների միջև բաշխելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Արևելյան Եվրոպայի երկրները պահանջում են ուղղակի սահմանափակել փախստականների հոսքը Եվրամիություն:

Բրյուսելում Եվրամիության ներքին գործերի նախարարների անցած հանդիպման ընթացքում Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նախատեսված 800 հազարի փոխարեն Գերմանիան պատրաստ է մեկ միլիոն ներգաղթյալ ընդունել, և կոչ արել էր մյուս անդամ երկրներին հետևել այդ օրինակին։

«Գերմանիան ընդունում է մարդասիրական իր պատասխանատվությունը, սակայն փախստականների հսկայական հոսքի արդյունքում առաջացած այս բեռը պետք է բաշխվի ամբողջ Եվրոպայի միջև», - ասել էր Թոմաս դե Մեզիերը։

Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին Եվրամիության տարածք արդեն իսկ ժամանել է 430 հազարից ավելի փախստական: Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ճանապարհը բարդ է ու վտանգավոր, և շուրջ 3 հազար փախստական, այդ թվում՝ կանայք և երեխաներ, մահացել կամ սպանվել է մինչև Եվրամիության սահմանը հատելը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի կարծիքով, փախստականների աճող հոսքը ընդունելու փոխարեն Եվրամիությանն անհրաժեշտ է հենց Թուրքիայում մարդասիրական ճամբարներ ստեղծել, ինչը փախստականներին զերծ կպահի Եվրոպա ուղևորվելուց։ Մինչդեռ Եվրոպա ժամանած գաղթականների մի մասը, Ֆրանսիայի ներկայացուցչի կարծիքով, պետք է հետ ուղարկվի։

«Մենք պետք է որոշենք, թե ովքեր են իրական փախստականներ, իսկ ովքեր՝ տնտեսական ներգաղթյալներ և պետք է հետ ուղարկվեն», - ասել էր Բեռնար Կազնյովը:

Մինչ քաղաքական գործիչները քննարկումներ են անցկացնում, բազմաթիվ շարքային եվրոպացիներ իրենց դռներն են բացում փախստականների առջև: Այսպես, Գերմանիայի Օգսբուրգ քաղաքի «Կոսմոպոլիս» հյուրանոցի տերը որոշել է սենյակների մի մասն անվճար տրամադրել Սիրիայից ժամանած փախստականներին, որոնցից պահանջվում է ընդամենը սենյակները մաքուր պահել: