ԱՄՆ-ը կանգնած է փախստականներին ընդունելու դժվարությունների առջև

ԱՄՆ-ի իշխանությունները մի քանի օր առաջ հայտարարեցին սիրիացի 1Օ հազար փախստականի ընդունելու պատրաստակամության մասին, սակայն կոնգրեսականներից շատերին մտահոգում է փախստականների մեջ ահաբեկիչների առկայության հնարավորությունը։

Այսօր, երբ Սիրիայից հարյուր հազարավոր մարդիկ են բռնել գաղթի ճանապարհը և ուղղություն ընտրել հիմնականում եվրոպական երկրները, ԱՄՆ-ը հայտարարում է նրանցից 1Օ հազարին ընդունելու որոշման մասին։ Սակայն միլիոնն անցնող փախստականների քանակի համեմատ այս փոքր թիվն անգամ անհանգստության տեղիք է տալիս Միացյալ Նահանգներում, որը հաճախ է իր վրա զգացել ահաբեկիչների հարուցած վնասները։

Հանրապետական կոնգրեսական Մայքլ ՄըքՔոլը, մասնավորապես, ասել է. - «Եթե համոզված լինեի, որ նրանք այստեղ կմնան պատշաճ կերպով, ես կպաշտպանեի այդ որոշումը։ Սակայն մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ»։

ՄըքՔոլը, ի դեպ, Ներկայացուցիչների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն է։ Նա նշել է, թե իրեն մտահոգում է «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարություն այն մասին, որ փախստականների ճգնաժամն օգտագործելու են Արևմուտք թափանցելու նպատակով։

Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե սիրիացի փախստականներին ընդունելիս վերջիններս ենթարկվելու են խիստ քննության։ Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթն է ասում, Ամերիկան կարճ ուղին չի բռնում, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։ «Փորձեր կարվեն փախստականների ընդունման գործընթացն արագացնելու համար, սակայն այն տեղի չի ունենա մեր անվտանգության հաշվին», - վստահեցրել է նա:

Նախագահ Բարաք Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարը կարգավորող հատուկ դեսպանորդ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը նույնպես ընդունում է, որ վտանգը հավանական է։

«Հարկավոր է, որ մենք ուշադրությամբ հետևենք։ Հարկավոր է լինել չափազանց զգույշ, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորումն անպայման կփորձի իր գործակալներին խցկել փախստականների շարքերը», - ասել է նա։

Փախստականներին ապաստան տալու կողմնակիցներն ասում են, որ չնայած 1Օ հազար փախստականի ընդունելու որոշումով ԱՄՆ-ը առաջին քայլն է կատարում՝ միջազգային ճգնաժամը լուծելու ճանապարհին այս քայլը չափազանց փոքր է։