2016-ին ՀԱՊԿ-ում կնախագահի Հայաստանը

ՀԱՊԿ ներկայացուցիչների հանդիպում Երևանում, արխիվ

2016-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահելու է Հայաստանը: Այս մասին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, որին մասնակցելու են ռազմաքաղաքական այս կառուցի անդամ վեց երկրների նախագահները, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուշակովը նաև տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն -2015» զորավարժությունները: Ռուսաստանի նախագահի օգնականը հավելել է, որ Դուշանբեում փակ դռների հետևում քննարկվելու է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ու գլխավոր շտաբի պետի ընտրության հարցը: Նա ձեռնպահ է մնացել պատասխանելու հարցին այն մասին, թե արդյոք Նիկոլայ Բորդյուժան վերընտրվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում: