Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը այցելել են Երևանում կառուցվող օլիմպիական ավան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ 2013 թվականին մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015-ի սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին և խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին:

«Սերժ Սարգսյանն այցելել է նաև թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք և շուստովյան պատմական մառաններ, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հին տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը, թանգարանային նմուշներ, արխիվներից վերականգնված հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները»,- ասված է հաղորդագրությունում։