Մասնագետները բարձր են գնահատում «Հայկական օրորոցայիններ» գրքույկը

«Արևիկ» հրատարակչությունը լույս է ընծայել հայկական 21 օրորոցայիններ ներկայացնող գրքույկ՝ իր ձայնասկավառակով:

Հրատարակչության նախագահ, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի խոսքով՝ ուշագրավ այս հրատարակությունը «Արևիկ»-ի չորս տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է:

Հատկապես մեր օրերում, երբ հայկական անաղարտ երգն այնքան է աղճատվել, պաճուճվել արևելյան, մեր երգին ոչ բնորոշ հնչերանգներով, նման ձայնասկավառակի թողարկումը գուցե ինչ-որ բան տեղից շարժի, գուցե մերօրյա երգիչ-երգչուհիներին վերջապես ճանաչելի դարձնի իսկական հայկական երգը:

«Ինձ այնքան է մտահոգում մերօրյա երաժշտությունը և վիճակը, որ չեմ ուզում, Թումանյանի բառերով ասած՝ Հայոց վիշտը անհուն մի ծով, վշտի մի ծով ահագին․․․ այդ վշտի ծովը չեմ ուզում մտնեմ: Պարզապես ուզում եմ մի մաքուր, զուլալ առվակ գա և մտնի հայոց երաժշտության ծովը: Դա այդ մանկական օրորոցային գոհարներն են», - նշեց «Արևիկ» հրատարակչության նախագահը:

Գրքույկում հրատարակված և ձայնասկավառակում տեղ գտած 21 օրորոցային երգերը հնչում են մեր լավագույն երգչուհիներից «Գեղարդ» երգեցիկ խմբի հիմնադիր Անահիտ Պապայանի անզուգական կատարմամբ:

«Այս ամբողջ աշխատանքը բավական երկար տևեց, արդեն չորրորդ տարին է ընթանում: Բայց ես մի տեսակ ազատ եմ եղել բոլոր հոգսերից, ես զբաղվել եմ միայն իմ ստեղծագործական մասով, իմ ձայնագրությամբ: Հրաշալի մթնոլորտ էր, բոլոր այն մարդկանց կողմից մի այնպիսի ոգեշնչում էր ինձ փոխանցվում, որ ես բոլորովին դժվարություն չեմ ունեցել: Ամբողջ չարչարանքը իրենք են կրել՝ պրոդյուսեր Հրանտը Վարդանյան, կազմողը՝ տիկին Համասփյուռը Մանուկյան», - ասաց Պապայանը:

«Հայկական օրորոցայիններ» գրքույկի և ձայնասկավառակի շնորհանդեսին մասնակցում էին մեր լավագույն արվեստագետներն ու երաժշտագետները: Մասնավորապես, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը նշեց, որ հայկական օրորոցային երգերով շատերին կարելի է հուզել, ընդ որում՝ ոչ միայն հայերիս․ - «Այսքան փայլուն տեսքով, որովհետև ամոթ չէ որևէ տեղ ցույց տալ այս CD-ն․ հիանալի ձևավորված, շատ ճաշակով․․․ Պարունակության մասին էլ չեմ ասում: Բայց չթվա, որ հայ ժողովուրդը ունի ընդամենը 21 օրոր, հարյուրավոր օրորներ ունենք՝ մեկը մեկից լավը, մեկը մեկից գեղեցիկը: Նույնիսկ դժվար է ընտրություն կատարել: Ես կարծում եմ, որ եթե կարելի լինի շարունակել այս գործը, կարելի է կողքին դնել երկրորդ, երրորդ CD-ները»:

Դրվատանքի խոսքեր ասաց նաև Դանիել Երաժիշտը․ - «Անահիտ Պապայանի երգած 21 օրորոցայինները դա ազգապահպան, հայակերտման նշանակություն ունի, քանի որ առաջին սիրո պես մեր մանուկները իրենց մայրենիի հետ կշփվեն և հայ կմեծանան: Եվ արդեն որևէ բան չի կարող վտանգել նրանց ազգային իմունիտետը»:

Շնորհանդեսին ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոյի համոզմամբ, այս սքանչելի օրորոցայինները, ավաղ, վաղուց մոռացված, չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկի, դրանք գանձեր են, որոնք պետք է աչքի լույսի պես պահել․ - «Շատ գեղեցիկ երգեր են, Անահիտը հրաշալի է երգում: Շատ ճիշտ է ընտրված Անահիտը, որովհետև երգեցողությունը անմիջական, բնածին, տարերային մի ուժ է մանավանդ այնպիսի մի բնագավառում, ինչպիսին այս ժողովրդական օրորոցայիններն են»: