Իշխող Հանրապետականում (ՀՀԿ) կարծում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիները իրենց չպետք է խաբված զգան։
Բաղրամյան պողոտայի ցույցերը նախաձեռնած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանություններն իրենց խաբել են, և այդ պատճառով էլ այսօր երեկոյան Ազատության հրապարակում բողոքի ցույց կանցկացնեն։ Կազմակերպիչներն ասում են, որ այս անգամ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև սակագինը բարձրացնելու որոշումը չեղարկվի։
Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին շտապող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդպես պետք չէ մտածել։ «Ես կարծում եմ՝ սխալ է», - ասաց Հարությունյանը։
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ ցույցից հետո երթով կշարժվեն մայրաքաղաքի փողոցներով, թե որ ուղղությամբ՝ դեռ չեն հայտարարում, մինչդեռ վերջին օրերին քաղաքի տարբեր հատվածներում դեպի Բաղրամյան պողոտա շարժվելու հայտարարությամբ պաստառներ են հայտնվել։
Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց՝ քաղաքացիները ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն, բայց ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի։
«Եթե այդ ակցիաները օրենսդրության և Սահմանադրության տառին համապատասխան չեն, անկախ նրանից՝ իմ դուրը գալիս են, թե չեն գալիս, դա անընդունելի է, խոսքը սրա մասին է։ Ամեն ինչ պետք է լինի օրինական, իսկ մենք ժողովրդավարական երկիր ենք», - ասաց Շարմազանովը։
Երևանի քաղաքապետարանը «Ո՛չ թալանին»-ի դեպի Բաղրամյան պողոտա ծրագրված երթը չի արտոնել, մինչդեռ նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասում է, որ դա որևէ բան չի փոխում՝ քաղաքացիներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն։