Հայաստանում կենդանիների համարակալման հարցն են քննարկել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Արմեն Հայրապետյանը և Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսը երեկ կայացած հանդիպման ժամանակ:
ՍԱՊԾ-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանը հայտնել է, որ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժը և առավել արդյունավետ՝ հիվանդությունների հսկողությունն ու հակաանասնահամաճարակային միջոցառումները, միաժամանակ ստեղծելով տվյալների ամբողջական բազա:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախկինում Վայոց Ձորի մարզում իրականացվել է կենդանիների համարակալման պիլոտային ծրագիր՝ ընդգրկելով շուրջ 23 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ, ինչի շնորհիվ այսօր արդեն հնարավոր է խուսափել համարակալման գործընթացում հնարավոր խոչընդոտներից ու թերություններից:
Ռոնալդ Ռուիսը, ներկայացնելով այս ոլորտում իր փորձը, կարևոր նախապայման է համարել գործընթացում ֆերմերների ներգրավվածությունն ու մասնագետների համապատասխան վերապատրաստում անցնելու հարցը: Շվեյցարացի փորձագետը պատրաստակամություն է հայտնել աջակցել համակարգը ներդնելու հարցում։