«Մոսկվայի համար Սիրիայի կորուստը Մերձավոր Արևելքի կորուստ է»

Ծաղրանկար. Ռուսաստանն աջակցում է Սիրիային, հեղինակ՝ Օլեքսի Կուստոնսկի, Ուկրաինա, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Ռուսաստանը հայտարարել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին չպետք է մտահոգեն Սիրիային ռուսական ռազմական օգնություն տրամադրելու մասին հաղորդագրությունները։

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնին խիստ անհանգստացրել են տեղեկություներն այն մասին, որ ռուսներն ավելացնում են Բաշար ալ-Ասադին հատկացրած ռազմական օգնության ծավալը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Մոսկվան երբևէ չի էլ թաքցրել Սիրիայի իշխանությանը սատարելու իրողությունը։

«Մենք զենք և տեխնիկա ենք տալիս սիրիացիներին՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար», - երեկ երեկոյան ասել է Զախարովան։

Սիրիայի զարգացումներում ռուսական մասնակցության մասին հաղորդագրություններում նշվում է, որ ռուսական ռազմանավերը Բոսֆորի նեղուցով զինտեխնիկա են ուղարկում սիրիական նավահանգիստներ։

Ենթադրվում է, որ առաջավոր ջոկատը Լաթաքիայի մոտակայքում ստեղծում է ճամբար, որը կարող է ընդունել ընդհուպ մինչև հազար ռուսաստանցի զինծառայող։

Արևմտյան փորձագետների համոզմամբ, Ասադին միանշանակ սատարող ռուսները կարող են պայքարել ոչ միայն «Իսլամական պետություն» անվամբ զինյալ կառույցի, այլև Ասադի ընդդիմադիրների դեմ, որոնք վայելում են Արևմուտքի և տարածաշրջանի որոշ երկրների աջակցությունը։

Այստեղ կա մի շատ վտանգավոր հանգամանք` եթե ռուսներն իսկապես սկսեն հարվածներ հասցնել Ասադի ընդդիմադիրների դիրքերին, ապա Մոսկվան և Վաշինգտոնն անուղղակի կներքաշվեն հակամարտության մեջ։ Դա ակամա կնմանվի Վիետնամի պատերազմի տարիների զարգացումներին։

Ինչո՞ւ են ռուսներն այդքան ջանասիրաբար պաշտպանում Ասադին։ Դիվանագետ Անդրեյ Ֆյոդորովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է, թե Մոսկվայում, իհարկե, ոչ ոք չի ողջունում Բաշար ալ-Ասադի ղեկավարման ոճն ու գործելակերպը, սակայն ենթադրում են, որ միայն նա կարող է պահպանել Սիրիան ներկայիս սահմաններում իբրև պետություն։

«Լիբիայի, Իրաքի և այլ երկրների եղանակով անցումային ռեժիմներ ստեղծելու տարբերակը հանգեցնելու է քաոսի: Սիրիան անհրաժեշտ է Ռուսաստանին, Սիրիայի կորուստը հավասարազոր է Մերձավոր Արևելքի կորստին», - ասել է դիվանագետը։