Քիմպրոմցիներն այսօր ևս չփակեցին միջպետական ճանապարհը

Քիմպրոմցիների բողոքի ցույցը Լոռու մարզպետարանի շենքի մոտ, 27-ը օգոստոսի, 2014թ.

Նրանք անգամ փորձ չարեցին. ոստիկանները թվով զգալի գերակշռում էին:

Տարեսկզբից աշխատավարձի սպասող «Վանաձոր-Քիմպրոմ»-ի մոտ երկու տասնյակ աշխատակիցներ առավոտյան կրկին հավաքվել էին՝ Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը փակելու, սակայն անգամ փորձ չարեցին, քանի որ ոստիկանները թվով զգալի գերակշռում էին:

Աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը պատմեց, որ երեկ տեղի ունեցած ցույցից հետո, իրեն հրավիրել են ոստիկանություն` «ընկերական զրույցի»: «Ինձ մեկ անգամ ևս հիշացրել է, որ, որպես անկոչ լիդեր, խնդրեմ ժողովրդին, որ օրինախախտում չանեն», - ասաց Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք դա էր պատճառը, որ այսօրվա բողոքի ակցիան չկայացավ, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Այն քարը ես մենակ կարա՞մ շուռ տամ, ինձ օգնական է պետք։ Տասը հոգով չես կարող պետական նշանակության ճանապարհ փակել, առավել ևս, որ օրինապահները մեզանից կրկնակի, եռակի անգամ ավել են։ Էդ էր պատճառը, որ չարեցին։ Այսօր էլ նույն պատճառն էր, եթե 500 պահանջատիրոջից գոնե տասը տոկոսը ստեղ լինեին, էլի մենք որոշակի իրավունք կունենայինք ասելու, որ էս երկրի քաղաքացին էս օրենքը ոչ թե խախտում է, այլ օրինազանցություն է անում այդ պատճառով»։

Մի քանի ժամ ոստիկանությունում անցկացրած ցուցարարը վստահեցրեց, որ իր նկատմամբ ճնշում չի գործադրվել, միևնույն ժամանակ վստահեցրեց, որ այսօրվա բողոքի ակցիան սակավամարդ է վախի պատճառով: Բարձրաձայն չեն ասում, բայց վախենում են ցույցերի մասնակցել։

Աշխատավարձի պարտքը մարելու պահանջով քիմպրոմցիները ցույցի են դուրս գալիս ամիսներ շարունակ, սակայն նրանց բողոքի ձայնը ոչ գործարանի ղեկավարությանն է հասնում, ոչ էլ երկրի իշխանություններին:

Մարզային իշխանությունները պնդում են, թե գործարանը մասնավոր է, և պետությունը պարտավոր չէ նրանց փոխարեն աշխատավարձ վճարել, մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պնդում է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել քիմպրոմցիների աշխատանքային իրավունքները:

«Երկրում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ այլ տարբերակ, քան բողոքի ցույցերը, չկա, որովհետև իրավական, տնտեսական, ֆինանսական որևիցե մեխանիզմներ չեն աշխատում, բայց տվյալ դեպքում, իշխանությունները անմիջական պատասխանատվություն ունեն՝ «Քիմպրոմ»-ի աշխատակիցների սեփականության իրավունքը, տվյալ դեպքում` աշխատավարձի գումարի ձևով, պաշտպանության առումով և վերականգնելու առումով, ուղղակի պատասխանատվություն», - ասաց Սաքունցը։

«Ազատության»-ը չհաջողվեց հանդիպել գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ. տեղում չէր: Տևական ժամանակ է` ղեկավարությունից պատասխան չեն կարողանում ստանալ նաև քիմպրոմցիները, որոնք վաղը ի նշան բողոքի կփակեն գործարանի մուտքը, մինչև տնօրենն իրենց ընդունի: