Անցած օրերին ռուսաստանյան և արևմտյան մամուլում հրապարակվում էին տեղեկություններ, որոնց համաձայն՝ Մոսկվան սկսել է ռազմական օգնություն տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։
Ընդ որում, խոսքն արդեն ոչ միայն զինտեխնիկայի, կամ հրահանգիչների և մասնագետների, այլև մարտերին մասնակցող զինվորների մասին է, ովքեր կռվում են թե՛ «Իսլամական պետության» և թե՛ սիրիական ընդդիմության ստորաբաժանումների դեմ։
Ենթադրվում է, որ ռուս զինվորականները Սիրիա են մեկնում Սևաստոպոլի և Նովոռոսիյսկի ռազմակայաններից։
Վաշինգտոնի ներկայացուցիչ Ջոշ Ըրնեսթն անցած շաբաթավերջին ասել է, որ «Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է Ասադի ռեժիմին օգնություն ցույց տալու համար Սիրիա մեկնող ռուսաստանցի զինծառայողների մասին տեղեկություններին»։
Մամուլում հայտնվել են Բոսֆորի նեղուցով անցնող «Նիկոլայ Ֆիլչիկով» ռուսական ռազմանավի լուսանկարները։ Ենթադրվում է, որ դրանք արվել են օգոստոսի 20-ին։ Լուսանկարում պատկերված է տախտակամածի վրա տեղադրված տեխնիկան։
«Նիկոլայ Ֆիլչիկով»-ը, ամենայն հավանականությամբ, ուղևորվել է Սիրիա` Տարտուսի նավահանգիստ։
Սեպտեմբերի 3-ին Բոսֆորով անցել են ևս երկու ռազմանավեր` «Կորոլյով»-ն ու «Նովոչերկասկ»-ը, իսկ ավելի ուշ Սիրիա է ուղևորվել «Սմոլնի» ուսումնական ռազմանավը։
Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել այդ տեղեկությունների կապակցությամբ։ Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հեռախոսով ասել է, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմին Մոսկվայի հատկացրած ռազմական օգնությունը միայն կսրի կացությունը, կհանգեցնի նոր արյունահեղության և փախստականների թվի աճի։
Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, հրապարակել է կարճ հաղորդագրություն այն մասին, որ «սեպտեմբերի 5-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Քերրիի և Լավրովի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը խոսել են Սիրիայում և այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակի, «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարի մասին և պայմանավորվել են շարունակել քննարկումները»։
The New York Times պարբերականի փոխանցմամբ, ռուսները Սիրիա են ուղարկել առաջավոր ջոկատ, որը Լաթաքիայի օդակայանի մոտակայքում կնախապատրաստի ավելի քան հազար զինծառայողների տեղակայումը։ Ասադի տոհմը ծագումով Լաթաքիայից է։
Վաշինգտոնում ենթադրում են, որ ռուսները զենք ու զինամթերք են տրամադրում Սիրիայի պետական բանակին և գուցե օդային հարվածներ հասցնեն ապստամբներին, որոնց ամերիկացիներն ու դաշնակիցներն են սատարում։
Միացյալ Նահանգները և կոալիցիան, իր հերթին, ռմբահարում են «Իսլամական պետության» դիրքերը։ Այսպիսով, Սիրիայում ստեղծվում է խիստ խճճված ու պայթյունավտանգ իրադրություն, քանի որ միջուկային երկու գերտերությունները ներքաշվում են անուղղակի հակամարտության մեջ։
Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը պաշտոնական նամակով դիմել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և պահանջել պատասխանել այն հարցին, թե կա՞ն արդյոք Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ։ Առայժմ պատասխան չկա։