Կրակահերթերի տակ ապրող գյուղացիները անքուն գիշերներից հետո կրած վնասներն են գնահատում

Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Արշավիր Ջամվելյանը ցույց է տալիս անցած գիշեր մի քանի ժամ շարունակված կրակահերթերից ու տան բակում ականի պայթյունից առաջացած հետքերը՝ խորը փոսն ու բեկորների պատճառած վնասները՝ կոտրած ապակիները, վնասված պատերն ու տանիքը։

«Մենակ մերը չի սենց, գյուղում տաս տանից մեկը էս վիճակն է»,- ասում է նա։

Կոթիի և հարևան Ոսկեվանի ու Բաղանիսի բնակիչները լարված գիշերներից հետո հավաքվել էին գյուղամիջում՝ կիսվելու ով ինչ վնաս է կրել կրակոցների հետևանքով։ Ասում են, որ 1995 թվականից ի վեր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այսպիսի լարված իրավիճակ չեն հիշում. հակառակորդն օգտագործել է աննախադեպ խոշոր տրամաչափի զինատեսակ, իսկ կրակոցները եղել են տևական։

«Մինչև հիմա ոնց որ պատահական լիներ, հիմա ժամ են ստեղծել, ամեն իրիկուն սկսում են կրակելը՝ գիշերը մինչև ժամը 1-ը, 2-ը, 3-ը...»։

«Հիմա բոլոր զենքերն էլ օգտագործում են, խոշոր զենքերով են կրակում»։

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հաշվարկել է՝ միայն Կոթիում երկու գիշերվա կրակոցներից տուժել է առնվազն 30 տուն։ Նախորդ գիշեր գնդակոծություններից վիրավորված Կոթիի երկու բնակիչները Երևանի հիվանդանոցներից մեկում շարունակում են բուժումը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն տան մեծը՝ Աղունիկ Թումանյանը հուսահատ է։ Տան հոգսը 82-ամյա կնոջ վրա է մնացել։

«Ապրել ա սա՞, քե մատաղ։ Ի՞նչ անենք»,- ասում է ծեր կինը։

Կոթիում նախորդ գիշեր նաև խոտի դեզեր ու մեքենաներ են այրվել։ Գյուղացիներն իրենց ուժերով են մարել հրդեհը։

«Կրակոցի ժամանակ 30-35 ժամանակ երիտասարդ է հավաքվել, որ փրկեն տունը և անասնագոմը, վեդրոյով ջուր են կրել ու թափել կրակի վրա, որ կրակը հանդարտվի, մինչև շլանգը միացնեն, ոռոգման ջուրը գալիս էր, որ էս կողմն էլ չվառվի։ Էս վիճակով ենք ապրում, ուրիշ վիճակ չունենք»։

Կոթիի դպրոցն ունի 200 աշակերտ, մանկապարտեզ հաճախում է 50 երեխա։ Արդեն երկու օր, սակայն, դռները փակ են։ Ինչպես Կոթիից, այնպես էլ հարևան Բաղանիսից անչափահասներին ու կանանց տեղափոխել են այլ բնակավայրեր կամ գյուղի ավելի անվտանգ տներ։ Կոթիի գյուղապետը մինչդեռ վստահեցնում է՝ տարհանումը ժամանակավոր է՝ անվտանգությունից ելներով, շուտով կվերադառնան հայրենի գյուղ։

«Կարծիք կա, թե լուրջ խուճապ է, տագնապ կա... այդպիսի իրավիճակ չկա, բոլորիս մոտ, իհարկե, անհանգստություն կա, բայց դա որակել որպես խուճապ, որպես տագնապ, ես բացարձակապես դեմ եմ»,- ասում է Ֆելիքս Մելիքյանը։

Արգամն ու իր եղբայրը Բաղանիսում մնացած սակավաթիվ երեխաներից են։ Ասում են՝ անքուն գիշերներ են անցկացնում հարևան Հայկ պապի նկուղում։

«Հայկ պապի հետ կրակոցների մասին էինք խոսում, մեր պատին էլ են տվել, գազի տրուբի ձենն եկավ, սաղ օրը դրել կրակում են թոփով»,- ասում է Արգամը։

Սահմանից մի քանի կմ հեռու գտնվող գյուղերում շատերն էին պնդում, թե միայնակ են մնացել իրենց հոգսերի հետ։ Գյուղ մտնող յուրաքանչյուր անծանոթ մեքենայի հետ անթաքույց հույս են կապում, թե այս անգամ իրենց դարդին դարման անողներ են եկել քաղաքից։