Ըստ Քաղաքապետարանի, Երևանում 9 վթարային շենք կա

Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ վթարային այս շենքերը Երևանում առկա խնդիրների ընդամենը մի մասն են:

«Ծորակները բաց չթողնել, ջուրը խնայել, երրորդ հարկ չբարձրանալ՝ վտանգավոր է»․ Երևանի կենտրոնում գտնվող շենքում պարտավոր ես հետևել պատերի այս գրառումներին կամ բնակիչների զգուշացումներին. անցյալ դարի սկզբին կառուցված շենքում ամեն վայրկյան ինչ-որ բան կարող է շարքից դուրս գալ:

«Աստիճանները քանդվում են, կտուր չունենք: Անձրևը որ գալիս է, ջուրը թափվում ա ներքև», - «Ազատության» հետ զրույցում ասաց այս շենքում 44 տարի ապրող Լուսիկ Ամիրխանյանը: Հավելեց, որ ստիպված է խոհանոցն ու սանհանգույցը կիսել չորս հարևանների հետ, իսկ լոգարան ընդհանրապես չունեն:

«Մեր շենքն անվանում ենք իտալական տուն․ ամեն ինչ երևում է, ամեն ինչ լսվում է», - ասաց շենքի մեկ այլ բնակիչ Աննա Մանուչարյանը:

Վթարային շենքում 32 բնակարան կա: Ամիսներ առաջ քաղաքապետը խոստացել էր մինչև հոգտեմբեր նոր բնակարաններ տալ: Հիմա քաղաքապետարանը նոր ժամկետ է նշում՝ խոստանալով վթարային շեքների հարցը լուծել մինչև տարեվերջ: Մեկը մյուսին հաջորդող խոստումներին, սակայն, բնակիչներն արդեն չեն հավատում:

«Մենակ էն գիտեմ, որ պտի գան քանդեն: Էկան, նայեցին, գրեցին, գնացին: Ի՞նչ կորոշեն, ի՞նչ կանեն՝ արդեն մեզ մութ ա, չի էրևում», - ասաց Լուսիկ Ամիրխանյանը:

Քաղաքապետարանից փոխանցում են, որ Երևանում վթարային 9 շենք կա: Քանդման ենթակա այդ կառույցներից մեկը Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանն է: Հանրակացարանի բնակիչների մի մասը համաձայնվել է տեղափոխվել քաղաքապետարանի առաջարկած նորակառույց շենք, մյուսները հրաժարվում են: Վերջիններից Լիլիթ Քոչարյանը պնդում է, որ օրենքով իր 4 հոգանոց ընտանիքին պետք է տրամադրվի ոչ թե զբաղեցրած տարածքին համարժեք, այլ բնակիչների թվին համապատասխան բնակարան․ - «Ես պայքարելու եմ իմ երկու սենյակի համար: Ինձ հասնում ա»:

Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, թե վթարային այս շենքերը Երևանում առկա խնդիրների միայն երևացող մասն են․ մտահոգիչ է նաև մյուս շենքերի սեյսմակայունության հարցը․ - «Այս խնդիրները պիտի լուծվեին համալիր: Այսինքն մենք պիտի ունենայինք Երևանի բնակֆոնդի պատկերը՝ ըստ տարբեր խմբերի: Մենք դա չունենք այս պահի դրությամբ: Եվ այդ հարցը գոնե իմ կողմից քանիցս բարձրացվել է ավագանու նիստերում: Ցավոք սրտի, որևէ քայլ չի ձեռնարկվել այդ գործընթացը սկսելու համար»: