«Ժառանգություն»-ը միանում է «ոչ»-ի ճամբարին

Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

Կուսակցությունն այսօրվանից հանդիպումներ կսկսի սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ։

«Ժառանգություն» կուսակցությունը միանում է սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող ճամբարին։

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, այսօրվանից արդեն հանդիպումներ կսկսեն բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ։

«Ամեն մեկը պետք է մյուսին ների իր սխալները, կամ պետք է հաղթահարի այդ տարաձայնությունները, որ լինում են հենց նույն կուսակցության կամ նույն շարժման ներսում, էլ չասած միջկուսակցական հարաբերություններում, և հասկանալ, որ նժարի վրա դրված է Հայաստանի քաղաքացու իրավունքը, արժանապատվությունը, բայց նաև մեր երկրի իրավականությունը և ինքնիշխանությունը», - ասաց Հովհաննիսյանը։

Նախորդ շաբաթ «ժառանգություն»-ը մերժեց նախագահի հետ հանդիպման հրավերը։ Օրեր անց, սակայն, խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանդիպեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ։

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է՝ «ժառանգություն»-ում տարաձայնություններ ու կարգապահական խնդիրներ կան։ Ասաց՝ դրանք պետք է լուծել։ Զգուշացրեց՝ եթե կրկնվեն հանդիպումները բարեփոխումները նախաձեռնողների հետ, դրանք որևէ կապ չեն ունենա կուսակցության դիրքորոշման հետ։ «Ով ներկայացնի «Ժառանգության» տեսակետը, ինչպես, որ ես ձեզ համար շարադրեցի մի քանի րոպե առաջ, դա «Ժառանգության» տեսակետն է։ Եթե որևէ մեկը այլ մոտեցում ներկայացնի, դա անձնական կարծիք է», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է հետագայում խմբակցության ղեկավարը հանդիպի հանձնաժողովի անդամների հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ ի պաշտոնե, նման հանդիպում տեղի կունենա։ Ես անհատական հանդիպումների հակառակորդը չեմ, ով ուզում է մեր երկրում կարող է որևէ մեկի հետ հանդիպել», - ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգություն»-ը մերժում է բովանդակային քննարկումները, թեև առանձին դրույթների մասին կուսակցությունը կարտահայտի տեսակետ», - ասում է Հովհաննիսյանն ու առանձնացնում իրենց համար հատկապես աննդունելի խորհրդարանում պարտադիր կայուն մեծամասնություն ձևավորելու հոդվածը։

«Նպատակ ունեն ծխածածկույթի ներքո՝ խորհրդարանական կառավարման եղանակին անցնելու այդ քողի տակ, ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարաձգել, այլ բառիս բուն իմաստով, կերտել կուսակցապետություն։ Նեոբոլշևիկյան նպատակ ունի այս գործողությունը, և «Ժառանգություն»-ը դեմ է», - ասաց Հովհաննիսյանը։

Կայուն մեծամասնությունից բացի Հովհաննիսյանը վտանգավոր է համարում նաև նախագծի տարածքային ամբողջականության հարցը հանրաքվեով որոշելու դրույթը։ «Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դրանք բացարձակ արժեքներ են, անբեկանելի արժեքներ, որոնք գրանցված են ոչ միայն մեր գործող Սահմանադրությունում, այլև միջազգային կոնվենցիաներում։ Եվ բնավ կարիք չկա մանրամասնել, թե դա կարող է փոփոխման ենթարկվել», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Վտանգավոր ու վիճելի դրույթներից բացի Հովհաննիսյանն ընգծում է, որ դեմ են Սահմանադրության փոփոխմանը, քանի որ վստահ են՝ «Հանրապետական կուսակցության ու նախագահ Սերժ Սարգսյանի նպատակն ամենևին էլ մայր օրենքի բարեփոխումը չէ»։