Ստեփանակերտում բացվել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

«Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Տոնական միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են նաև Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը:

Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետև այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և ԼՂ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված՝ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են ԹՈՒՄՈxՀԲԸՄ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը:

ԼՂ մայրաքաղաքում ԹՈՒՄՈ-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում: Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այս հաստատության պայմաններին և ուսուցման ծրագրին: Ըստ պատասխանատուների, ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը ԹՈՒՄՈ-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները։