Արծրուն Հովհաննիսյան. Այս պահին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է

Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ վիրավորված զինվորների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ երեկոյան հակառակորդի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի գնդակոծման արդյունքում վիրավորված ժամկետային զինծառայող 22-ամյա Գոռ Գևորգյանին տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Գևորգյանին վիրահատել են, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում։

Երեկ երեկոյան, ժամը 18։00-ից հետո, ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական դիրքերը և գյուղերը։ Կրակոցները սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել են մինչ ուշ գիշեր։ Բացի Գոռ Գևորգյանից, վիրավորում է ստացել նաև ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Գևորգյանը, ով այս պահին գտնվում է Բերդի հոսպիտալում, նրա վիճակը ևս կայուն է։

«Պատասխան կրակից են միայն լռել։ Կրակոցները տևել են մինչև ուշ գիշեր։ Իրավիճակը վերահսկելի է, այս պահին համեմատաբար հանգիստ է», - ասաց Հովհաննիսյանը։

Տավուշի սահմանամերձ գյուղերում իրավիճակը հանգիստ է։ Գյուղապետերը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ արդեն սովոր են կրակոցներին, և խուճապի չեն մատնվում։

Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերում փամփուշտները հասել են գյուղացիների տներին, բայց էական նյութական վնասներ չեն պատճառել։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով, նույն վիճակը եղել է նաև իրենց գյուղում։

«Թշնամին օգտագործել է նռնականետեր, ականանետեր, խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Արդեն մենք սովոր ենք, գիտենք պատսպարվելու ձևերը, խուճապ չի առաջացել, այսօր էլ մեր կյանքը բնականոն կերպով ընթանում է՝ դպրոցը, մանկապարտեզը գործում են», - ասաց Սաղոյանը։

Այսօր անկախության օրը նշող Լեռնային Ղարաբաղի սահմաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Պաշտպանության բանակից փոխանցեցին, որ կրակոցներ եղել են, բայց պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակը։