Այսօր կայացել է ճեպազրույց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ճեպազրույցի նպատակն էր ռազմադիվանագիտական կորպուսին իրազեկել սեպտմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, նշել են, որ համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
«Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը», - ասված է հաղորդագրությունում։