Խորհրդակցություն կառավարությունում՝ Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ

Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

«Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված շարունակական աշխատանքների իրականացումը՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով», - ասված է կառավարության հաղորդագրությունում: