ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնը ստանձնած տարիներին Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային նամակների հասցեից ուղարկված ևս 15Օ նամակ համարվել է գաղտնի տեղեկություններ պարունակող։ Այս փաստը նախագահական ընտրությունների մրցապայքարում նրան դրել է չափազանց ծանր կացության մեջ։
Հասարակական վերջին հարցումները ցույց են տալիս, որ մայիս ամսից ի վեր Հիլարի Քլինթոնը դեմոկրատներին աջակցող ընտրողների շրջանում կորցրել է իր վարկանիշի 2Օ տոկոսը։ Վերմոնտ նահանգը ներկայացնող սենատոր Բերնարդ Սանդերսը Այովա նահանգում այսպիսով ընդհուպ մոտեցել է Քլինթոնին, իսկ Նյու Հեմփշիրում՝ նույնիսկ անցել նրանից։ Այս երկու նահանգները չափազանց կարևոր են ներկուսակցական ընտրությունների համար։
Վերլուծաբանները Քլինթոնի ամեն մի նոր վայրէջքը կապում են հրապարակվող պաշտոնական էլեկտրոնային նամակների խմբաքանակի հետ։ Իսկ, ըստ պաշտոնական աղբյուրների, իր անձնական էլեկտրոնային հասցեից Քլինթոնն ուղարկել է գաղտնի 213 ուղերձ։
Արտգործնախարարությունը հայտնում է նաև, թե այդ տեղեկություններից և ոչ մեկը, այն ժամանակ, երբ Քլինթոնն ուղարկել է, գաղտնի չեն համարվել։
Պետդեպարտամենտի ու Սպիտակ տան նման հայտարարությունները հիմք ընդունելով է Քլինթոնը պնդում, թե ինքը չի ոտնահարել այն ժամանակվա օրենքները։ «Ես շարունակ կրկնում եմ, որ ոչ ուղարկել, ոչ էլ ստացել եմ գաղտնի բովանդակությամբ նամակներ։ Ու վստահ եմ, որ շուտով բոլորը դա կհասկանան։ Եվ կապացուցվի այն, ինչ ես շարունակ ասում եմ», - ասել է Քլինթոնը։
Վերլուծաբանների կարծիքով, եթե նույնիսկ Քլինթոնը ճիշտ է, միևնույնն է, նա ճիշտ չի կարողանում հարթել հարցը կամ ճիշտ պատասխան տալ իր քննադատներին։
«Քլինթոնը ընտրապայքարի բնատուր մասնագետ չէ։ Նա հանդես է գալիս մի տեսակ ծրագրավորված, երբեմն՝ խիստ։ Լավ մտքեր է արտահայտում իրավահավասարության, արդարության և նվազագույն աշխատավարձի մասին։ Ունի լավ մտքեր, սակայն չունի ամերիկացիների մեծամասնության կողմից ընդունելի լինելու բաղադրություն», - ասել է քաղաքական վերլուծաբան Ստուարթ Ռոթենբերգը։