«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ կոչով դիմեցին Բաղրամյան պողոտայից Հանրապետության հրապարակ եկած ցուցարարներին, նշելով, որ ովքեր ցանկանում են, կարող են մնալ այստեղ՝ շարունակելով պայքարը «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հետ:
«Ո՛չ թալանին» և «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունների համակարգող խմբերի անդամներն այս պահին հրապարակում են, նրանց է միացել նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բերման ենթարկվածև ազատ արձակված անդամներից Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, սատար կանգնելով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում․ նախաձեռնության անդամները անընդհատ շրջում էին հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում են մուտք գործել «գորգի» հատված, և ոստիկանությունը այդ ընթացքում բերման ենթարկեց նախաձեռնության 7 ակտիվիստների:
Ավելի վաղ էլ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի 6 մասնակիցների և մոտ 3 ժամ պահելուց հետո ազատ արձակել: