«Բարգավաճ Հայաստանը» չի միանա «ոչ»-ի ճամբարին

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյան

Նախագահին առընթեր հանձնաժողովի անդամների հետ շուրջ երեք ժամ փակ դռների հետևում բանակցություններից հետո «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը տպավորություն էր ստացել, թե իշխանությունները մտադիր են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթը հանել նախագծից՝ ամրագրելով այն Ընտրական օրենսգրքում, ինչպես Վենետիկի հանձնաժողովն էր առաջարկել։

«Համենայնդեպս, նախնական տպավորությունը այնպիսին է, որ երկրորդ փուլ, կայուն մեծամասնություն ձևակերպումը կհանվի և կբերվի Ընտրական օրենսգիրք։ Թե ընտրական օրենսգրքում ինչ մոդիֆիկացիա կընտրվի այդ ձևակերպման համար, մենք նաև կաշխատենք Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, որը, կարծում եմ, կլինի գարնանը»,- ասաց ԲՀԿ-ի ղեկավարը։

ԲՀԿ-ն դեմ է երկրորդ փուլով կայուն մեծամասնություն ապահովող հոդվածին, բայց նախկինի պես Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն այլևս չի համարում վերարտադրության, իշխանությունը հավերժացնելու փորձ: Հավատում են Սարգսյանի հավաստիացումներին, թե չի հավակնում նախագահի, վարչապետի ու խորհրդարանի խոսնակի աթոռների։

«Անձի խնդիրը կարծես թե դուրս է գալիս օրակարգից։ Երբ խոսում էինք կուսակցության վերարտադրության մասին, մենք խոսում էինք այն մեթոդներով վերարտադրության մասին, ինչ մեթոդներով բոլոր ժամանակների բոլոր իշխանական կուսակցությունները Հայաստանում վերարտադրվել են։ Մենք ասում ենք՝ մի պայքարի այն անմաքուր մեթոդներով, ինչով մինչև հիմա պայքարել ես։ Սա է խնդիրը։ Ինչպես մենք պտտվում են, գալիս, կանգնում ենք քաղաքական կամքի խնդրին»։

Ընդամենը ամիսներ առաջ բովանդակային քննարկումները կտրականապես մերժող «Բարգավաճ Հայաստանը» երեք ժամերի ընթացքում չի հասցրել ներկայացնել բոլոր առաջարկները, դիտողությունները, առաջիկայում էլի հանդիպումներ են ակնկալում: Արդեն սակայն կարող են ասել՝ «ոչ»-ի արշավին չեն միանալու։

«Այն ձևակերպումներով, այն մեսիջներով, ինչը հայտարարում են «ոչի» կարծես թե դեռևս միակ հավակնորդ ՀԱԿ-ի մեր հարգարժան գործընկերները... այո՛, մենք հայտարարել ենք, որ ո՛չ, բայց քվեարկության ինչ կերպ կընտրի ԲՀԿ-ն և ինչ դաշտում կլինի այս պահին, ես կդժվարանամ ասել։ Կարծում եմ՝ կուսակցությունում որդեգրել են շատ ճիշտ աշխատաոճ՝ առաջնորդվել բացառապես և միայն մեծամասնության որոշմամբ»,- ասաց Զոհրաբյանը։

Նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի և մասնագիտական հանձնաժողովի մյուս անդամ Հրայր Թովմասյանի հետ ԲՀԿ-ականների այսօրվա քննարկումը գոնե փակ դռներից այս կողմ բուռն տպավորություն էր թողնում․ կուսակցության ղեկավար անդամները պարբերաբար դուրս էին գալիս աշխատասենյակից, շշուկով բանավիճում ինչ-որ հարցերի շուրջ, ապա դարձյալ միանում քննարկմանը:

Կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը հավաստիացրեց՝ խմբակցության ներսում անհամաձայնություն չկա.- «Սա մթնոլորտ է, որտեղ քննարկվում են իրավաբանական կետերը։ Ասեմ միանգամից, որ քաղաքական որևէ ենթատեքստ այստեղ չի քննարկվում»։

Չմատնանշելով նախագծի որևէ դրույթ՝ Վահան Բաբայանը Նաիրա Զոհրաբյանի թողած որոշ փակագծեր բացեց.- «Մեր ձգտումը այն է, որ երբևէ Հայաստանում չստեղծվի մի հնարավորություն, որ միանձնյա իշխանություն ձևավորվի կամ ձևավորվի այնպիսի կառավարման մի համակարգ, որը ժողովրդավարության հետ որևէ կապ չունենա։ Ինչու չէ նաև բոլորս հասկանում ենք, որ այդ Սահմանադրության մեջ կարող են լինել նաև դրական բաներ, որոնց շուրջ մենք չենք կարող ինքնանպատակ ասել՝ ոչ, որովհետև գիտեք ինչ կա, երեք ամիս առաջ մենք ասել ենք, որ տենց ենք մտածում»։

Ուրբաթ օրը նախատեսված լսումներից առաջ նոր Սահմանադրության հեղինակներն առաջիկա երկու օրերին լսելու են իշխող Հանրապետական խմբակցության առաջարկները: