Օհանյան․ Ադրբեջանական կողմը համեմատաբար ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառում

Պաշտպանության նախարարը միաժամանակ ընդգծում է, որ իրավիճակը վերահսկվում է

Ադրբեջանական կողմը համեմատաբար ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ է կիրառում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին՝ այսօր հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկվում է:

«Եղել են նաև դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեության մի քանի փորձեր, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են մեր հայկական ստորաբաժանումների կողմից: Իրավիճակը վերահսկվում է, մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ Հայկական բանակը ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույն կերպով իրականացնում», - նշեց Օհանյանը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել էր այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին։

«Բանակցային գործընթացի շրջանակում յուրաքանչյուր հանդիպումից ակնկալում ենք գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդում», - այսօր ասաց նախարար Օհանյանը, - «Եվ, իհարկե, նաև նախադրյալներ ստեղծել հետագայում բանակցային գործընթացում մեր տեսակետից ելնելով, որոնք համապատասխանում են միջազգային նորմերին, առանց ուժի կիրառման, ժողովուրդների ինքնորոշումը հաշվի առնելով երկխոսության, առաջին գծում վստահության մեխանիզմների ձևավորման, փոխադարձ համաձայնության շրջանակներում մեր հարցը առաջ տանել»: