«Հայկական Վերածնունդ». Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծն անընդունելի է

«Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների:

Միավորումը տեղեկացնում է, որ նախօրեին տեղի է ունեցել միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում քննարկվել է Հայաստանում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Կարևորելով Հայաստանի նախագահի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, ևս մեկ անգամ վերահաստատում ենք առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը», - ասված է հայտարարությունում։

Միավորումը անընդունելի է համարում «խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը»:

«Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմների սահմանման: Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում Ընտրական օրենսգրքում ներառել մեծամասնական ընտրական համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարևորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը», - ասված է հաղորդագրությունում։

«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը նաև իր մտահոգությունն է հայտնում նախագծում երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների «թերի կարգավորման առնչությամբ»։

«Հայկական Վերածնունդ»-ը պատրաստակամություն հայտնելով մասնակցել հետագա քննարկումներին՝ իշխանություններին կոչ է անում հաշվառել բոլոր փաստարկված առաջարկությունները և «ձևավորել դիրքորոշումների համադրության, այլ ոչ թե հակադրության մթնոլորտ»։

Միավորումը արձանագրելով «ժողովրդի օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը, խորացող արտագաղթը, սպառողական գների բարձրացումները` պահանջում է համարժեք ու համակարգված քայլերի իրականացում իշխանության տարբեր մարմինների կողմից սոցիալական մեծածող լարվածությունը մեղմելու համար»:

«Հայկական Վերածնունդ»-ը նաև հայտարարում է, որ որոշել է վերսկսել մարզային հանդիպումները՝ ժողովրդին տեղեկացնելու միավորման գործունեության և առաջնահերթությունների մասին:

«Հայկական Վերածնունդ»-ը քաղաքացիական շարժում է, որի նպատակն է սատարել՝ ճշմարիտ ներկայացուցչական կառավարության ստեղծմանը և օրենքի գերակայության հաստատումը Հայաստանում: Նա հետամուտ է ապահովել Սփյուռքի առավելագույն մասնակցությունը՝ երաշխավորելու համար անվտանգ, հզոր ու բարեկեցիկ հայկական պետության ստեղծումը: