Մարկ Մուգալյանը միջադեպից հետո առաջին հարցազրույցն է տվել

Ամստերդամ-Փարիզ գնացքը միջադեպի ժամանակ 21-ը օգոստոսի, 2015թ

Նա Ամստերդամ-Փարիզ արագընթաց գնացքի մեջ զինված ահաբեկչի հետ առաջինը պայքարի մեջ մտած ուևորն է։

Անցյալ շաբաթ Ամստերդամ - Փարիզ արագընթաց գնացքում ահաբեկչական գործողությունները կասեցրած առաջին ուղևոր, ֆրանսահայ Մարկ Մուգալյանը միջադեպից հետո առաջին հարցազրույցն է տվել։

Երեկ նա դեռ ապաքինվում էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքի հիվանդանոցում։

Հիվանդանոցից ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցում, նա պատմել է, որ ուղևորներից մեկը՝ մի երիտասարդ, կասկածելի է թվացել։ Ըստ Մուգալյանի, նա մեծ ճամպրուկ ուներ, երկար ժամանակ փակվել էր զուգարանում։

Նրա մոտ զենք տեսնելով՝ Մուգալյանը փորձել է խլել։ «Ես խլել էի ավտոմատը, բայց հաջորդ պահին կրակոցը հնչեց, ես ուժեղ ցավ զգացի մեջքիս, չգիտեի, որ նա նաև ատրճանակ ունի։ Ընկնելիս բաց թողեցի զենքը, ես ընկա նստարանների միջև», - պատմել է նա։

Ամստերդամ - Փարիզ արագընթաց գնացքի մեջ զինված ահաբեկչի հետ առաջինը պայքարի մեջ մտավ Մարկ Մուգալյանը։ Հաղորդվել էր, որ նա Սորբոնի համալսարանի դասախոս է։ Նա նաև արվեստագետ է, երգահան-երգիչ։ Համացանցում նա երգեր ունի տեղադրված։

Մարկ Մուգալյանի հերոսական արարքը օգոստոսի 21-ին՝ հենց սկզբում, հայտնի չէր։ Հաղորդվում էր երեք վիրավորի և հարձակվողին վնասազերծելու մասին, բայց վերջին օրերին նա արդեն միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Բացահայտվում են նաև այդ միջադեպի մանրամասները։

Նրա կինը CNN-ին պատմել է այդ միջադեպի մանրամասները՝ ասելով, թե ինքն էլ է տեսել զինյալի ձեռքին ավտոմատը։

«Եվրոպա մեկ» ռադիոկայանին Իզաբել Մուգալյանը պատմել է, որ իր ամուսինը իրեն ասել է, որ տարօրինակ է՝ մի մարդ ճամպրուկով զուգարան է մտել և երկար ժամանակ դուրս չի գալիս, հետո երբ մարդը դուրս է եկել Մարկը նրա ձեռքին զենք է տեսել, նա կնոջն ասել է հեռու գնա, իսկ ինքն այդ մարդուն ընդառաջ գնալով` փորձել է խլել «Կալաշնիկով» ավտոմատը։

NBC-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցի արտակարգ օգնության բաժնի ղեկավար Պատրիկ Գոշտեյնը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ Մուգալյանը վիրավորվել է պարանոցից, ջարդվել են նրա երեք կողոսկրերը և այլ վնասվածքներ ունի։

Մուգուլյանի քույրը՝ Ջուլիա Ալենը, NBC-ին ասել է. - «Պատրիքը յուրաքանչյուրի համար ամեն ինչ կաներ։ Նա այդպիսին էր»։

Ֆրանսիայի դատախազությունը հաղորդել է, որ գնացքում հարձակման պատրաստվող Այուբ Էլ Քազանիի մոտ եղել է «Կալաշնիկով» ավտոմատ՝ 270 փամփուշտով, ատրճանակ՝ մինչև վերջ լիցքավորված փամփուշտակալով, դանակ, բենզինով շիշ։ Գնացքում նա ձեռքի հեռախոսով ծայրահեղ կրոնական պատերազմի՝ ջիհադի մասին տեսանյութեր է նայել։

Նրա դեմ արդեն մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով։