Հազարավոր փախստականներ են ամեն օր մուտք գործում եվրոպական երկրներ

Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը շարունակում է խորանալ։

Տնտեսապես ոչ այնքան բարենպաստ պայմաններում գտնվող Բալկանյան երկրներն այսօր կանգնել են դժվարին կացության առջև. նրանցից յուրաքանչյուրը փորձում է փախստականների հոսքն ուղղել հարևան երկիր։ Օրինակ՝ Մակեդոնիան նրանց տրամադրում է իր սահմանի միջով դեպի Սերբիա մեկնելու դյուրին միջոցներ։

Ինչպես Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցինն է ասել, Եվրոպայի ներգաղթի համակարգը անկատար է։ Նրա խոսքով, համակարգը չպետք է թույլ տա, որ որևէ երկիր առանց տվյալ անձին գրանցելու, նրան ուղղորդի այլ երկիր։

Հունգարիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, միայն անցած երկուշաբթի օրը Սերբիայից Հունգարիա է ժամանել 2100 փախստական։ Եվ ահա Հունգարիան փորձում է արագ ավարտին հասցնել սահմանի երկայնքով պատի կառուցման աշխատանքները։

«Եթե նրանց Հունգարիայում էլ արգելափակեն, դժվար է ասել, թե ուր այս մարդիկ կգնան», - ասել է «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գաուրի Վան Գուլիկը։

Գաղթականներից շատերը փորձում են հասնել Գերմանիա։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը մասնակցելու է Վիեննայում հինգշաբթի օրն անցկացվելիք հանդիպմանը, եվրոպական երկրներին կոչ է անում՝ ուժի մեջ մտցնել փախստականության մասին համատեղ համաձայնագիր։ «Խոսքը նախ և առաջ փախստականներին տեղում գրանցելու, նրանց կացարաններ տրամադրելու ու բժշկական նվազագույն օգնություն ցուցաբերելու մասին է», - ասել է նա։

Բեռլինը հայտարարում է, որ Սիրիայից գաղթած անձանց այլևս չի պարտադրելու վերադառնալ այն երկիր, որտեղ առաջինն է մուտք գործել։ Այս հայտարարությունը զայրացնում է մեծաթիվ գերմանացիների, ովքեր այս օրերին սկսել են փախստականության ներհոսքը դադարեցնելու կոչերով ցույցեր։ Նրանք երկուշաբթի օրը Բեռլինի արվարձաններից մեկում այրեցին փախստականների մի կացարան, որտեղ հարյուրավոր մարդիկ էին ապրում։