Վանաձորի ավագանին փոշմանեց, վարչապետին դեռ ուղերձ չեն հղի

Վանաձորի ավագանին այսօր արտահերթ նիստ հրավիրեց, որ չեղյալ հայտարարի իր իսկ կողմից երկու օր առաջ ընդունված ուղերձը վարչապետին։

Փաստաթղթով վանաձորցիները որոշել էին կառավարությանը բողոքել «Լոռի Ջրմուղկոյուղու» աշխատանքներից՝ պնդելով, թե ջրամատակարարման խնդիրները չեն նվազում, վթարները ժամանակին չեն վերացվում, փոխարենը քաղաքում փոսերն են օրեցօր ավելանում։

Այսօրվա արտահերթ նիստից հետո փաստորեն բողոքը Երևան՝ վարչապետին չի հասնի։ Նախորդ նիստից բացակայող կամ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամները այսօր նախ առաջարկեցին ուղերձի տեքստը լրամշակել, իսկ հետո ընդհանրապես այն չեղյալ համարել։

Արտահերթ նիստին հետևելու էին եկել շարքային վանաձորցիներ։ Մենուա Բրուտյանը վրդովված փաստեց՝ ուղերձը հետաձգելով կամ չեղյալ համարելով խնդիրը չի լուծվի։

«Ի՞նչն ենք մենք քննարկում, ժողովո՛ւրդ, ավագանու անդամները բնակչի ձայնը բարձրացնողն են, էդ ուղերձի նպատակը դա է, անզեն աչքով տեսանելի են բոլոր անորակությունները, պետք չէ ինչ-որ տեխնիկական եզրակացություն կազմել»,- ասաց Բրուտյանը։

Վանաձորցի Հենրիկ Մխիթարյանն էլ կասկածելի համարեց, որ նույն հարցի շուրջ ավագանին երկու օրվա ընթացքում միմյանց տրամագծորեն հակառակ երկու որոշում ընդունեց։

«Պետք է ուշադրություն դարձնել, թե ավագանու որ անդամներն են եղել կողմ քվեարկողները անցած նիստին և այսօր ովքեր են կողմ քվեարկել։ Պետք է հստակ հասկանալ՝ ով է ներկայացնում բնակչի շահը, ով՝ ոչ։ Գուցե սխալվում եմ, բայց իմ տպավորությամբ, այս թեման ևս մեկ անգամ սառեցվեց, փակուղի գնաց»,- նկատեց Մխիթարյանը։

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ինչպես նախորդ նիստի ընթացքում, այս անգամ էլ չթաքցրեց՝ ինքը ուղերձը չուղարկելու, հարցը ներսում՝ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից է։ Կարծում է՝ պետք է ժամանակ տալ, որ ընկերությունը շտկի թերությունները։

Առաջարկ հնչեց սեպտեմբերի 10-ին շահագրգիռ կողմերի հետ հանդիպում կազմակերպել, ինչից հետո պարզ կլինի՝ բողոքի ուղերձը վարչապետին կհասնի, թե՝ ոչ։