Չինաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ֆինանսական շուկաների վիճակը

Չինաստանի ժողովրդական բանկը, որը կենտրոնական բանկի դեր ունի այդ երկրում, երեքշաբթի հայտարարել է, որ իջեցնելու է հիմնական տոկոսադրույքը և կրճատելու է պահուստի պահանջվող չափաբաժինը: Դա ամրապնդել է ԱՄՆ-ի արժեթղթային շուկաները:

Ըստ Չինաստանի ժողովրդական բանկի հայտարարության՝ չորեքշաբթի օրվանից տարեկան փոխառությունների ու ավանդների տոկոսադրույքները կկրճատվեն 25 կետով` համապատասխանաբար մինչև 4.6 տոկոս և 1.75 տոկոսով։

Սեպտեմբերի 6-ից ֆինանսական հաստատությունների համար պահուստի պահանջվող չափաբաժինը կկրճատվի 50 բազիսային կետով:

Ֆինանսական լիզինգի ու մեքենաների ֆինանսավորման ընկերությունների համար պահուստի պահանջվող չափաբաժինը (RRR) կիջեցվի 300 բազիսային կետով:

«Այս պահին դրամական շուկաներում հեղհեղուկ իրավիճակ է տիրում, սակայն տնտեսական աճի միայն շատ քիչ դանդաղում է նկատվում: Ուստի հաշվի առնելով, որ ամեն ինչ կարող է ավելի վատթարանալ,Չինաստանում փորձում են պատրաստ լինել նման զարգացումներին», - ասում է «Այջի մարքեթս» ընկերության ֆինանսական շուկաների ավագ վերլուծաբան Քրիս Բեքհամը:

ԱՄՆ-ի արժեթղթերի շուկաները երեքշաբթի բացվել են ավելի բարձր նիշի վրա, քանի որ ներդրողները ողջունել էին Չինաստանի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների կրճատման վերաբերյալ որոշումը:

Ի տարբերություն երկուշաբթի ԱՄՆ-ի ֆոնդային շուկաներում վերջին չորս տարվա ընթացքում գրանցված ամենավատ ցուցանիշի, բացման պահին Դոու Ջոնսի ցուցանիշը հետ է վերադարձել մոտ 2.5 տոկոսով:

Աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունը հանդիսացող Չինաստանում տնտեսական աճը խթանելու նպատակով փոխառման տոկոսադրույքների կրճատելու վերաբերյալ կենտրոնական բանկի որոշումը Եվրոպայում ու ԱՄՆ-ում բարձրացրել է բաժնետոմսային շուկաների ցուցանիշները: