Նախագահը Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Նախագահի մամլո ծառայությունը հավելում է, որ առաջիկա շաբաթվանից Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:

Միաժամանակ, նախագահը հանձնարարել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: