Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ավարտել է աշխատանքը բարեփոխումների վրա, և նախագծի վերջնական տարբերակը այսօր կներկայացնի Հայաստանի նախագահին։ Այդ մասին «Ազատության»-ն ասաց հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նրա խոսքով, ավարտին են հասցվել նաև նախագծի անցումային դրույթները։
Հուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր Սահմանադրության նախագծի մասին իր նախնական կարծիքը՝ առաջարկելով հանել կայուն մեծամասնություն ձևավորելու և ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Դատական համակարգում հանձնաժողովն անթույլատրելի է համարում քաղաքական մարմնի միջամտությունը դատավորների և Վճռաբեկ դատարանի նախագահների նշանակման և աշխատանքից հեռացման հարցում։
Գևորգ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի այս դիտողություններից հետո իրենք նախագծում որոշ փոփոխություններ են արել, բայց թե, որ կետերի մասով՝ հրաժարվեց ասել։
Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ակնարկում էր, որ շուտով նախագծի վերջնական տարբերակը կհրապարակվի։
Նա ասաց, որ իրենք էլ են քննարկումներ անցկացրել և հիմնական հարցերում հստակ միասնական տեսակետ ունեն։ Շարմազանովի խոսքով, շուտով կմեկնարկեն նաև առաջարկվող բարեփոխումների շուրջ նախագահի և քաղաքական կուսակցությունների միջև կոնսուլտացիաները։
«Կարծում եմ, որ այս ամսվա օգոստոսի 20-ից, 25-ից հետո, գոնե ես ակնկալում եմ մինչև օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ, շատ հավանական եմ համարում, որ քաղաքական ուժերի հետ կսկսվեն կոնսուլտացիաների փուլ», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Թե, որ կուսակցություններն են համաձայնել մասնակցել խորհրդակցություններին Շարմազանովը հրաժարվեց ասել։
Ի դեպ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի խոսքով, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մի քանի օրից ժամանելու են Հայաստան։ Առաջիկա երկուշաբթի նրանք կհանդիպեն մասնագիտական հանձնաժողովի անդամների, իսկ հաջորդ օրը՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։