Օդեսայում անցկացված վարժանքների ժամանակ Վրաստանի նախկին նախագահն անձամբ է ցույց տվել, թե ինչպես պետք է պետավտոտեսուչը մոտենա վարորդին, ինչ կեցվածքով, ինչպիսի խոսքով, ինչ հարգանքով շփվի վարորդների հետ:
Սաակաշվիլին անգամ հայտնվում է պետավտոտեսչության մեքենայի թափքում, անմիջական ներկայացնում բոլոր հնարավոր իրավիճակները, որոնք պետավտոտեսուչների առօրյայում են պատահում:
Նա հիշեցրել է, որ Վրաստանում նույնպես ոստիկանությունը կոռումպացված էր, բայց հետո փոխվեց: Ներկայացնելով նոր պետավտոտեսուչներին՝ Սաակաշվիլին ասել է․ - «Տեսեք՝ հիմա նրանք ամրակազմ են, նրանց աչքերի արտահայտությունը լրիվ ուրիշ է»: Նա հիշեցրել է, որ Վրաստանում ոստիկանների նկատմամբ 5 տոկոս վստահությունը կարճ ժամանակահատվածում նախ դարձավ 10 տոկոս: «Ժամանակի ընթացքում վեցամսյա դասընթացների մասնակցեցին, հետո՝ վերապատրաստումների», - վրացական պետավտոտեսչության բարեփոխումները ներկայացնելով՝ պատմել է Օդեսայի նահանգապետը:
«Ես վստահ եմ՝ ուկրաինացիներն օրինապահ մարդիկ են, մենք բոլորս ուզում ենք, որ մեզ մոտ էլ լինեն այն կանոնները, որոնք կան ամբողջ աշխարհում», - հայտարարել է Սաակաշվիլին՝ համոզմունք հայտնելով, որ Օդեսայի նոր պետավտոտեսուչները «կլինեն ավելի պրոֆեսիոնալ, քան ամերիկացիներն են, այդտեղ ֆանտաստիկ ոչ մի բան չկա»:
Նա նաև հիշեցրել է, որ նախքան բարեփոխումները Օդեսայի ոստիկանությունը տասնամյակների ընթացքում վերածվել էր քրեական խմբավորման, ոստիկանները զբաղվում էին հոգեմետ նյութերի առուվաճառքով:
«Եթե ամբողջությամբ չփոխենք ոստիկանությունը, դատախազությունը 6 ամսում, մյուս մարմինները սրանց կուտեն», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: Հակառակ դեպքում, ըստ Սաակաշվիլիի, կստացվի «մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ»: «Եթե հներից չազատվենք, բարեփոխումները իմաստ չեն ունենա», - ասել է Սաակաշվիլին և պնդել՝ ուկրաինական պետությունը պետք է ներկայանա նոր դեմքով:
Օդեսայի նահանգապետը խոստացել է, որ նոր պետավտոտեսչությունն աշխատանքը կսկսի օգոստոսի վերջին: Նա հատուկ ընդգծել է՝ կարևորը հասարակական վերահսկողությունն է:
«Գիտե՞ք, եթե սովորեն սիրուն, առանց սիրո մի օր էլ չեն դիմանա: Հենց նրանք մարդկանց դուր գան՝ արդեն նոր ոստիկանությունն ամեն ինչ կանի, որ չկորցնի սերը: Գիտե՞ք ոնց է՝ երբ սովորում ես սիրուն, առանց դրա այլևս ապրել չես ուզում: Ներկայիս ոստիկանությունն ընտելացել է, որ իրեն ատում են, հենց ընտելանան սիրուն՝ առանց սիրո չեն ապրի ոչ մի օր, հանուն սիրո չեն վերցնի կաշառք, կպահպանեն հասարակական կարգը: Այն, ինչ արվում է սիրուց դրդված, լավ է», - բացատրել է Սաակաշվիլին: